Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա է թելադրում մարդուն զոհել իրական կյանքը, ատել աշխարհը և նրա վայելչությունները, մի գերբնական կյանքի բարություններին սպասել տալով։ — Կրոնը, որպես վերացական սահմանադրություն, և վերացական հիմքի վրա է դրված, դա է հույսը։

Հույսը մի անդունդ է, որի անեզրական դատարկության մեջ մարդը մխիթարվում է այն բաներով, որ իսկապես չունի։

Դարտակ հույսը ծուլացնում է մարդուն, խլում է նրանից իր ինքնագործունեությունը և զրկում է տոկուն աշխատութենից։ Դարտակ հույսը մարդուն ամեն բան դրսից է սպասել տալիս նա չէ թողնում, որ մարդ կանգնի իր սեփական ոտների վրա։ — Նա միշտ նեցուկ է որոնում։ Եվ այս պատճառավ մարդկային առաջադիմության մեջ չկա մի ավելի վնասակար բան, քան թե ցնորամիտ հույսը… Նրա խաբեական երազների մեջ, - մարդ զրկվում է իր բոլոր ցանկությունների ստվերների հետ...։

Ինչ որ գործում է դարտակ հույսը մի անհատի կյանքի մեջ, նույնը գործում է նա մի ազգի պատմության մեջ։ Քննեցեք մի ազգի պատմություն և այդ թո՛ղ լինի մեր ազգի պատմությունը, և կտեսնեք, թե ո՛րքան մեծամեծ վնասներ է կրել նա, ո՛րքան կորցրել է դարտակ հույսերից հրապուրված, և տակավին չէ խրատվել իր սխալներով[1]:

Ահա 850 տարի է, որ Հայաստանը մոնգոլական ցեղերի լծի տակ հեծում է. քաղաք չմնաց, որ մի քանի անգամ նրանցից կործանված չլինի. մեր աշխարհում մի քիչ տեղ չմնաց, որ նրանք արյունով չողողեին, տաճար չմնաց, որ նրանք չպղծեին, կամ իրանց կիսալուսինը նրա կաթողիկեի վրա չտնկեին։ Շատ անգամ ամբողջ գավառներ ամայի անապատ դարձան այս բարբարոսների արշավանքներից. շատ անգամ բյուրավոր ընտանիքներ ոչնչացան գերության և հալածանքի մեջ։ Սուլթանները հազարավոր լեզուներ կտրել տվին հայերեն խոսելու համար։ Անգորայի, Տիգրանակերտի, Խարբերդի և Փոքր Ասիայի շատ կողմերում մայրենի լեզուն կորավ հայի բերանից։ Եվ մոնղոլական այլանդակ կերպարանքը գեղեցկացավ,

  1. 1 Մենք արդեն պատրաստ ունենք մի շարք հոդվածներով համառոտ պատմական տեսություն, Տրդատից սկսած մինչև Ռուբինյանց թագավորության վերջը, որի մեջ ցույց է տրված, թե ի՛նչ վնասներ կրեցին հայերը, իրանց հույսը երբեմն այս և երբեմն այն պետության վրա դնեչով: Այս աշխատությունը կտպվի «Մշակի» համարներում։