Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շա՛տ լավ։ Եվրոպացին խոսում է իր լրագրի մեջ, խոսում է իր ժողովների մեջ, ռուսն էլ արյուն է թափում, բայց ի՞նչ է անում ինքը հայը։

Նա իր տեղում անհոգ նստած է, նա լուռ է։

Մի լրագիր, մի ազգային թերթ միայն իր բողազը պատառում է։ Բայց նրա ձայնը կարո՞ղ է հասնել Եվրոպայի ականջներին, քանի որ նույն իսկ հայոց լսելիքը խլացած են նրա համար։ Այս լրագիրը առաջարկեց մի խումբ երիտասարդներ ուղարկել Եվրոպայի գլխավոր քաղաքներում մեր ցավերը հրատարակելու համար։ Կատարվեցա՞վ։ Այս լրագիրը առաջարկեց կազմել մի գիտնական ընկերություն և հայերի բոլոր հարստահարությունները առանձին գրքույկներով և զանազան լեզուներով հրատարակել, ու ամեն տեղ տարածել։ Կատարվեցա՞վ։ Այս լրագիրը հայտնեց, թե հասել է այն ժամանակը, երբ մեր եղբարց փրկության համար հարուստը չպետք է խնայե իր արծաթը, գիտնականը չպետք է խնայե իր հանճարը, եկեղեցականը չպետք է խնայե իր ազդեցությունը ու ջանքը, իսկ աշխարհականը, ռամիկը չպետք է խնայե իր արյունը։ Այս լրագիրը շատ բաներ առաջարկեց, շատ բաներ խոսեց, բայց ի՞նչ արեցին կարդացողները։ Ո՛չինչ։

Ուրեմն ի՞նչ կարող ենք հուսալ քանի որ այսպիսի անդամներից է բաղկացած մեր ազգությունը։ Հարուստը իր փողն է պաշտում։ Գիտնականը եռանդ և անձնազոհություն չունի։ Եկեղեցականը անտարբեր է մնում։ Աշխարհականը, ռամիկը սիրտ չունի, սիրտը մեռած է…

«Մեր լռության մեջ են մեր շահերը», — ասում են հիմար իմաստունները։

Բայց գիտե՞ք հայի առածը` «մինչև երեխան լաց չէ լինում, մայրը ծիծ չէ տալիս»։ Եթե այրական քաջություն չունենք, գոնյա երեխայի տրտունջ ունենանք. եթե ոչ, Եվրոպան մեր լռությունը