Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլորովին ուրիշ կերպ կբացատրե. նա կմտածե, թե Տաճկաստանի հայը գոհ է իր վիճակից. և իրավունք էլ ունի այսպես մտածելու։

Ո՞ւր մնացին Կ. Պոլսի այն տաք գլուխները, որոնց բերանում անդադար հնչվում էր` «ռևոլյուսիոն մը ընելու է» խոսքը։ Ո՞ր ծակը մտան այն ցնորամիտ երգիչները, որոնք իրանց տաղերի մեջ Հայաստանի անկախությունն էին երազում։ Եվ ո՞ր օրվա համար էին այն ֆրանսիագետ և անգլիագետ պարոնների գրիչները, որոնք շատ անգամ մտածում էին այդ լեզուներով լրագիրներ հրատարակել հայոց ցավերը Եվրոպային հայտնելու համար։

Բոլորը լռվեցան, երբ տեսան բաշիբոզուկների սվինները։ Բավական չէ, որ օտարը հայի մասին խոսում է. պետք է նա ևս, եթե չբարձրացրեց իր սուրը, գոնյա բարձրացներ իր ձայնը։ Բայց այս բանի մեջ ևս նա շնորհք չունեցավ։ Մինչև այսօր մի պաշտոնական ձև ունեցող բողոք չհայտնվեցավ հայերի կողմից։ Մինչև այսօր մի ազգային պատգամավորություն չդիմեց ուր որ հարկն էր։ Ժողովուրդը ոչինչ չարեց. ոչինչ չգործեցին և ժողովրդի ներկայացուցիչները։

Կ. Պոլսի հայոց պատրիարքը շողոքորթում է, կեղծավորվում է, և հայ եկեղեցականի հատուկ սովորությամբ` ազգի շահերը իր փառքին է զոհում։ Պատրիարքը ստիպված է այսպես վարվել, մտածում են կարճատեսները։ Դիցուք թե, նա այնքան անձնազոհություն չունի, որ իր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար` հունաց Գրիգորի նման իր պատրիարքարանի դռանը կախաղան հանվի, դիցուք թե, նրա լեզուն Կ. Պոլսում կապվում է, բայց ո՞վ էր արգելում նրան թողնել Թուրքիայի մայրաքաղաքը, ընտրել մի եվրոպական քաղաք, թող այդ լիներ Լոնդոն, և այնտեղից իր ժողովրդի բողոքներին թարգման լիներ, ուր որ հարկն էր։ Թող պատրիարքարանը նրա ծախսերի համար իր երեք հազար լիրա պարտքի վրա ավելացներ հազար լիրա ևս. պոլսեցիք սովորել են վճարել իրանց պատրիարքարանի պարտքերը։

Բայց ո՛չ, սուլթանի մի ժպիտը պատրիարքին մոռանալ տվեց հայ ժողովրդի արտասուքը և արյունը...։

Ինչո՞ւ ենք մեղադրում պատրիարքին, երբ ընդհանուր հայոց կաթողիկոսը, ազգի հոգևոր ներկայացուցիչը, նույնպես լռություն է պահպանում։ Մի խնդիր, որ գուցե դարերով այլևս չպետք է կրկնվի, մի խնդիր, որով պետք է վճռվի Տաճկաստանի հայոց