Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վիճակի վրա, մի խոսքով, ամեն բանի վրա, ինչ որ պետք է մարդուն, — միևնույն պատասխանն ես ստանում, ամեն ինչ լավ է մեզանում...։

Այս բոլորը առաջ է գալիս ինքնախաբեութենից. այս բոլորը առաջ է գալիս այն միակողմանի հայացքից, որ մենք ամեն բան լավ կողմիցն ենք տեսնում։

* *

*

Ինքնախաբեությունը մեզանում ծնեց մի տեսակ «ազգասերներ», որոնց վրա մինչև այսօր ո՛չ մեր վիպասանները, ո՛չ մեր թատրոնական բեմը և ո՛չ էլ մեր լրագրությունը ուշադրություն չեն դարձրել։ Դրանց նշանաբանը բովանդակվում է այս սկզբունքի մեջ. «Ինչ որ հայկական է, այն լավ է»։

Այս տեսակ «ազգասերները» մի կատարելագործված տիպ են ներկայացնում մեր հասարակության մեջ, որոնք, կարծես, պատկանում են մի առանձին շկոլայի, որի հիմնադիրը հայտնի չէ։

Դրանք, արդարև, սիրում են ազգը, որպես մի երիտասարդ սիրահարված է լինում մի օրիորդի վրա, որն նրան ամենևին չէ ճանաչում, որը նրա բերանից մի խոսք անգամ չէ լսել, որը նրա կողմից ոչ մի շնորհ չէ տեսել, բայց նա սիրում է… Օրիորդի հիմարություններն անգամ սիրելի են նրան...։

Նրանք սիրում են... վրդովվում են... ոգևորվում են... և ամեն կիրք իրանց սրտի մեջն է մնում։ Նրանք ազգը գտնում են իրանց սենյակի չորս պատերի մեջ. դրսում նրա հետ հարաբերություն չունեն։ Որպես մեր երևակայական սիրահարը իր սիրուհին իր գլխի մեջն ունի։

Այս տեսակ «ազգասերներին» ծանոթ չէ «գործը»։ Բայց նրանք մեծ բարիք գործած են համարում ազգին, երբ խոսում են նրա վրա, և խոսում են միշտ իրանց նմանների հետ. նրանց ձայնը օտարը չէ լսում։ Նրանք չունեն մինչև անգամ այն բանը, որ կոչվում է ցանկություն. որովհետև մի բան ցանկանալու համար պետք է մի բան պահանջել. բայց նրանք պահանջմունք ևս չունեն։ Նրանք բավական են այն բոլորով, ինչ որ կա արդեն, ինչ որ թողել են մեր պապերը։ Իսկ մի նոր բան անելու համար դեռ սպասում են...

Նրանց խոսքը — գովասանությունն է։ Գովել, ոգևորվել. ուրախանալ ազգի չունեցած կատարելություններով, — այդ է նրանց սիրո երևակայական առարկան։ Եվ միշտ վրդովվում են, դավաճան,