Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրացող են համարում այն մարդուն, որ համարձակվում է ազգի այս և այն թերությունները նկատել, կամ նրա նախապաշարմունքի դեմ խոսել։ «Դու մեր ունեցածը քանդում ես» ասում են։

Այս տեսակ «ազգասերներ» կան, գոյություն ունեն, բայց աչքի չեն երևում։ Նրանք ըստ մեծի մասին առանձնական կյանք են վարում։ Նրանք քուրմերի բնավորություն ունեն, սիրում են վարագույրի ետևում թաքնված մնալ և երբեմն պատգամներ խոսել։ Նրանց խոսքերի մեջ իմաստ չկա, բայց միևնույն ժամանակ բազմիմաստ են, որպես մարգարեի խոսք, որ միշտ մեկնության կարոտ է…։

Նրանք չեն սիրում ազգային գործերի մեջ մտնել, որովհետև միշտ երևակայում են, որ իրանք մի «մեծ» բան պիտի անեն, որի ժամանակը չէ հասել… և միշտ իրանց աչքի առջև արգելքներ են տեսնում։ Այլև արհամարհում են այժմյան գործիչների գործը, համարելով երեխայական խաղ։ Լուռ ժպիտը նրանց երեսից պակաս չէ։ Երբ լսում են որևիցե դատողություն մի նորելուկից, և նայում են նրա վրա, որպես մի զարգացած մարդ նայում է փոքրիկ մանուկի ծուռ ու սխալ թոթովանքին։ Իրանք միշտ լուռ են, շատ բան գիտեն, բայց չեն խոսում...։

Նրանք միշտ ոգևորվում են անցյալով. Վարդանը, Ավարայրի դաշտը, Անին նրանց խոսակցության նյութն է։ Թուրքիայում և Կ. Պոլսի ազգային սահմանադրության մեջ տեսնում են մեծ ապագա, և հայոց փրկությունը գտնում են հայոց եկեղեցու մեջ։

Այս «ազգասերները» իրանց տեսակի կատարելագործված տիպն են, որոնք հանճարներ են համարվում։ Նրանք բարի մարդիկ են, բայց վտանգավոր են։ Կույր սերը միշտ վնասակար է լինում. որովհետև միշտ լավն է տեսնում, վատը չէ նկատում։

Բայց կա և երկրորդական տեսակը, որն առաջինի կեղծ պատճենն է։ Դրանք խարդախ մարդիկ են, որ ազգասիրական դիմակի ներքո թաքցնում են շահեկան նպատակներ։ Այսպիսիները խառնվում են գործի մեջ։ Նրանք լինում են` դպրոցների հոգաբարձուներ, եկեղեցիների գանձապետներ, հարուստ որբերի խնամակալներ, բարեգործական նպատակով նվիրված գումարների կտակակատարներ, առաջնորդ-սրբազանների խնկարկուներ, աղքատ դերասանների պաշտպաններ, միևնույն դպրոցի մեջ մշտական և ժառանգական վարժապետներ, և երբեմն լրագիրների և ամսագիրների խմբագիրներ։ Այս տեսակ ազգասերների թվումն են և այն բարերարները, որոնք միշտ կողոպտել են, հափշտակել են և հազարումեկ