Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկու ուրիշ պատկերներ ոսկեզօծ շրջանակներով։ Դրանցից մեկը Հայկն է, իսկ մյուսինը` Վարդան Մամիկոնյանը։ Հայկի պատկերի ներքև պատի վրա մեխած է հին Հայաստանի քարտեզը։

Գրասեղանի վրա ածած են շատ թղթեր, որոնց վրա, քամին չցրվելու համար, դրած է մի աղյուսանման բան. դա մոզայիկներով զարդարած մի կրային բաղադրություն է, որ բերած է Անիի ավերակներից։

Մի անկյունում մեծ պահարանի մեջ շարած են գրքեր Վենետիկի ոսկեզօծ կազմերով, կարծես. շնորհքի համար դարսված լինեն։ Սենյակը զարդարած է արևելյան ճաշակով. փռած են գորգեր, դրած է թախտ և երևում են մութաքաներ։

Ազգասերը լուռ է. նրա բազմահոգ դեմքը ցույց է տալիս, որ զբաղված է։

Ահա՜ ներս վազեցին սենյակի մեջ երկու հրեշտակի նման փոքրիկ երեխաներ։ «Պապաշա, պապաշա», կոչելով, նրանցից մեկը թռավ հոր ծնկների վրա և փաթաթվեցավ նրա վզովը։ Իսկ մյուս մանուկը փորձ փորձեց հետևել եղբորը, բայց գլորվեցավ հատակի վրա։ Հայրը բարձրացրեց նրան և համբուրեց։

Երեխաներից մեկի անունը Լևոն է, մյուսինը` Ռուբեն։ Հայրը մեծ ծառայություն է արել ազգին, որ կենդանացրել է այդ պատմական անունները…։

— Ինչո՞ւ հայերեն չեն խոսում, — հարցնում ես ազգասերից։

— Մայրերի ու աղախինների հետ այսպես են սորված... ես էլ ժամանակ չունեմ դրանցով զբաղվելու, — պատասխանում է նա։

Երեխաները խլում են գրասեղանի վրայից «Մեղուի» վերջին համարը, որ տանեն իրանց համար «փռռան» շինեն։ Հայրը կոչում է, որ ետ բերեն, բայց չարաճճիները անհայտանում են։

* *

*

Ընթերցող, այս բոլորը քեզ վրա կարծեմ լավ տպավորություն գործեց. արտաքին ցույցերը բավական գրավիչ տեսար. այժմ մտնենք ազգասերի ներսը — սրտի մեջ։

Ես կսկսեմ խոսակցությունը, դու միայն լսիր։

— Դուք, երևի, «Մշակ» չե՞ք ստանում, — հարցնում եմ ես։

— Մի՞թե արժե փող կորցնել... — պատասխանում է նա արհամարհական ձայնով։ — Այս լրագրի վրա թքել միայն կարելի է և ոչ կարդալ։