Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(Գուցե ժամանակի շատ խորին հնությունից մինչև 10 տարի առաջ այսօրինակ կառավարում էին վայրենի ճուլոները յուրյանց հոգևոր առաջնորդներու ձեռքով)։ Բայց երբ օսմանցիք նվաճեցին Քուրդիստանու տիրող աշիրաթները (իշխանները), չհնազանդվող Մար Շիմոնը պատերազմեցավ Բադրխանբեկի հետ և հաղթվեցավ, թշնամին կողոպտեց կաթողիկոսի տունը և նորա ցեղը։ Մար Շիմոնը հուսահատված Ուրմի եկավ, յուր ազգից չգտավ այն առաջին պատիվը։ Պրոտեստանտյան հոգին ո՛չ միայն Մար Շիմոնին, այլև նույն ինքն մեծ Նեստորին մոռացման մեջ էր ձգել։ Առժամանակ Ուրմի մնալուց հետո, բոլորովին հուսահատված, կրկին վերադարձավ դեպի յուր երկիրը, այս մի քանի խոսքը ասելուց հետո «Ես խնդրում եմ ձեզանից, որ պինդ կենաք ձեր առաջին դավանության վերա, բայց երբ կամիք կրոնափոխ լինել, մի լինիք պրոտեստանտ. կամ հայ եղեք, կամ ֆրանկ և կամ ռուս»: Բայց Լութերի հոգին հաղթող է, նորա կտակը չկատարվեցավ: Մար Շիմոնը այժմ կենդանի է. բայց օսմանցոց հպատակ իր ցեղովը հանդերձ, վերջին հուսահատության մեջ է. նա հոժար է յուր ազգի մնացորդը կամ խառնել հայոց հետ և կամ ռուսաց: Ատրպատականի առաջնորդ հանգուցյալ Սահակ եպիսկոպոս Սաթունյանի ձեռքով քանիցս անգամ այդ մասին նամակագրությունը են եղել դեպի էջմիածնա աթոռը, բայց ո՞ւր այդպիսի սրբազան ձգտողություն հայերու կողմից... էջմիածնա վարդապետները թմրած են զեխության հրապույրներով...։ Բայց ռուսերից քահանայք եթե գալու լինեն այս կողմերս, քանի կենդանի է Մար Շիմոնը — շատ շուտով կարող են յուրացնել բոլոր ասորաց մնացորդները, մանավանդ, որ ազգը շատ հակամետ է դեպի ռուսաց կողմը:

Այսքանս բավական է, գուցե դորանով կբավականանա Ձեր հարցասիրությունը։ Ուրիշ ժամանակի եմ թողնում Ձեզ դրել, արդյոք Ատրպատականի հայերը ևս մի ժամանակ կենթարկվեն միսիոնարաց ազդեցությանը, թե միշտ կպահպանեն յուրյանը հայրենական կրոնը։

Մի բան, որ գրած եք Ձեր եղբոր մասին, չեմ կարող հանձնառու լինել։ Ես ինքս ձանձրացել եմ այն առևտուրից, որ Թիֆլիսում կատարում ենք. պատճառ, ունի նեղություն չափից դուրս, բայց վաստակը կարի սակավ։ Մտադիր եմ Պոլիս գնալ, որ Պոլսից դեպի Թաբրիզ եվրոպացոց մանուֆակտուրայի առուտուրք առնեմ։