Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա առաջին խոսքը։ — Հա՛, ինձ էլ մի վարժապետ է պետք, — ասում է վաճառականը և խնդրում է նստել։ Վաճառականը հայտնում է, թե ինչ առարկայի համար է պահանջվում վարժապետը։ Իսկ պարոն ցանկացողը ցույց է տալիս, թե ինքը ոչ միայն պահանջված առարկան, այլ «ամեն բան» կարող է դաս տալ և ավելացնում է մի քանի հրաշալիք իր անցյալ գործունեությունից։ Պայմանների մեջ հաշտվում են և պարոն վարժապետը կանխիկ ստանում է մի գումար, իր պատառոտած կոշիկները և մաշված հագուստը փոխում է, և ճանապարհ է ընկնում։

Նա հասնում է նշանակված տեղը։ Հոգաբարձությունը մի քանի ամսից հետո կամ տարվա կեսին հասկանում է պարոնի անընդունակությունը։ Բայց ի՞նչ կարող է անել. պ. խաբեբան մի կամ երկու տարով հաստատ պայման է կապել. տուգանք է նշանակել, կանխիկ փող է ստացել, ի՞նչպես արտաքսել նրան, և կամ ո՞ւմը դնել նրա տեղ...։ Դպրոցը ստիպված է քաշ գալ մի անպիտանի հետ, մինչև ժամանակի լրանալը...

Վարժապետների մեծ մասը այսպես են ընտրվում։

* *

*

Իսկ այն դպրոցներում, որ ունեն տեսուչներ, վարժապետներ հրավիրվում են ավելի տեսչի ընտրությամբ։ Չխոսելով տեսուչների ի՛նչ տեսակ մարդիկ լինելու վրա, այսքանը միայն կասենք, որ այս պարոնները իրանց հանձնված դպրոցների վրա կատարելապես տիրելու համար աշխատում են շրջապատվել իրանց սրտին մոտ եղող մարդիկներով — կույր հնազանդներով։ Այնքան վնաս չուներ, եթե ընտրեին իրենց գաղափարակիցները, այսպիսով գոնյա դպրոցը կպահպաներ իր ուղղությունը և միակերպությունը։ Բայց այստեղ ուսումնական նպատակը կուլ է գնում վարչականի մեջ, — տեսուչը վարվում է դպրոցի հետ այնպես, որպես մի պաշտոնական անձն, որ աշխատում է իր ստորադրյալները իր շահերին համապատասխանող մարդիկ լինեն...։ Եվ նա շուտով հավաքում է իր թևի տակ հին ծանոթներին, բարեկամներին, և դպրոցը դառնում է զանազան շահախնդիրների համար հացի գործարան։

Իհարկե, այդ նպատակների մեջ չէ կարող օրինավոր ընտրություն լինել, քանի որ ցանկացող վարժապետների մեջ ազատ մրցություն չէ լինում. և տեսչի ընտրած վարժապետը նույնը կլինի,