Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ որ էր պարոն հոգաբարձուի գործակալի ուղարկածը և գուցե ավելի վատ, և ավելի խարդախ մեկը։

Եվ վնասակարն այն է, որ տեսուչները շատ անգամ իրանց այս ինչ բարեկամին, որպես հարմար գործիք, ձեռքի տակ ունենալու մտքով և կամ նրա համար ապրուստի մի աղբյուր բաց անելու համար, մտցնում են դպրոցի մեջ նոր-նոր առարկաներ, որ ավելորդ են, և այսպիսով դպրոցի պրոգրաման հարմարեցնում են ոչ թե դպրոցի պահանջներին, այլ իրանց ցանկացած մարդիկների ընդունակությանը։ Եվ այսպես էլ է պատահում, որ տեսուչը մի նոր վարժապետի համար տեղ բաց անելու մտքով, շատ անգամ ստիպված է հեռացնել մի հին վարժապետ, որ գուցե ավելի ընդունակ էր իր գործին։ Նա մի կերպով հաջողեցնում է։ Բայց նոր մտնողը չգիտե այն առարկան, ինչ որ հինն էր դաս տալիս, փույթ չէ, նա կարող է պարապել այն առարկայով, ինչ որ ինքը գիտե, — և հին առարկան դուրս է ընկնում դպրոցի պրոգրամայից...։

Եվ այսպեսով, տեսչի իր պաշտոնի մեջ մտած օրից, նրա և հին վարժապետների մեջ սկսվում է մի ներքին կռիվ, որ պատճառ է տալիս անվերջ խռովությունների, որովհետև հներն էլ ունեն իրանց հին կապերը` կամ մի քանի ձայն ունեցող հոգաբարձուների հետ, կամ սրբազանի հետ, և կամ ժողովրդի մեջ նշանավոր, ու միևնույն ժամանակ դպրոցի վրա ազդեցություն ունեցող անձինքների հետ։ Այս տեսակ վարժապետները հին ծառեր են, թեև ծերացած, բայց հողի մեջ խորին արմատ ունեն ձգած, նրանց տեղից շարժելը հեշտ բան չէ։

Բայց որովհետև մեր տեսուչների կյանքը շատ կարճ է լինում, նրանց հեռացնելուց հետո` հեռացվում է և նրանց կուսակիցների ամբողջ խումբը։ Դպրոցը ենթարկվում է նոր փոփոխությունների...

* *

*

Շատ անգամ հոգաբարձուները կամ նրանց մի մասը, նույնն են անում, ինչ որ անում է տեսուչը, այսինքն` մտցնում են դպրոցի մեջ մի մարդ, որ իրանց ավելի մոտ էր, որ կարողացել էր կողմնակի միջոցներով նրանց հաճությունը գրավել։ Այստեղից առաջ է գալիս նույնպես անհաշտություն, կամ հոգաբարձուների միմյանց դեմ և կամ նրանց ու տեսչի մեջ, եթե վերջինս առաջինների հետ համաձայն չէր։