Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունեն որովհետև լավ լրտեսներ են...։ Որպես ժողովրդի մոտ մարդիկ, որպես ամեն ծակ մտնողներ, այս քահանաները կարողանում են ամեն տեղից խաբարներ բերել և մեծ ինտրիգներ սարքել։ Իսկ շատ տեղերում նրանք այն աստիճան բռնանում են և ազդեցության տեր են դառնում, մինչև նույնիսկ առաջնորդը կամ փոխ-առաջնորդը մի տեսակ կախումն են ստանում նրանցից, և ստիպված են նրանց կամքով վարվել, — հակառակ դեպքում տեր-հայրը պատրաստ է ժողովրդի մեջ մի մեծ փոթորիկ հարուցանել և հետո առաջնորդին Էջմիածնի ճանապարհը ցույց տալ...

* *

*

Ես նպատակ չունեմ մատնանիշ անել որևէ անձի վրա, փառք աստուծո, այսպիսի քահանաների թիվը այնքան շատ է մեզանում, որ փաստերի կարոտություն չկա։ Բայց այսքանը կասեմ, որ ոչ ոք այնքան վտանգավոր չէ ժողովրդի համար, որպես խորամանկ և խռովարար քահանան։ Եթե այս հատկությունները լինեին մի «աղայի» մեջ, ժողովուրդը կարող էր իր հարաբերությունները կտրել նրա հետ, բայց ի՞նչ անե նա քահանայի հետ, քանի որ կապված է նրա հետ կրոնական կապերով և միշտ նրա մեջ կարոտություն ունի։ Եվ շատ անգամ անկարելի է լինում հեռացնել այսպիսիներին, որովհետև նրանք, որպես ասացինք, ունեն իրանց ձեռքի տակ մի զորեղ կուսակցություն, և բացի սրանից, ունեն ծածուկ կապեր Էջմիածնի այս ու այն սրբազանի հետ... Նրանց կապերի մասին չէ մեր խոսքը, մենք պետք է խոսենք, թե որպես խառնում են դպրոցների գործերը։

Այս տարի, իմ Թիֆլիսում եղած ժամանակ, գավառական ուսուցիչների մեծ մասը հավաքվել էին այնտեղ, որովհետև արձակուրդի ժամանակ էր։ Մենք շատ անգամ հանդիպում էինք «Եվրոպա» հյուրանոցում կամ Շենինգի մոտ։ Համարյա ամենի բերանից միևնույն գանգատներն էին լսվում. — ամեն տեղ բռնացել է մի չարագործ քահանա և դպրոցի վերաբերությամբ ինչ անկարգություններ ասես, անում է։ Նա վարժապետներ է դնում, վարժապետներ է փոխում, չնայելով, որ ինքը դպրոցի կառավարության մեջ գործ չունեցող մի մարդ է։ Եթե ուրիշ կերպով նրան չհաջողվի, այն ժամանակ նա ունի իր ձեռքում մի հեշտ միջոց հեռացնելու իր ուզած վարժապետին, — բավական է, որ տարածե