Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոշ պրոգրամայի կանոններին, այլ միշտ պրոգրաման է ենթարկվել վարժապետների կամայականությանը։ — Այսպիսի դեպքերում, հայտնի բան է, դպրոցը կկորցնե իր նշանակությունը և մի որոշ նպատակի ծառայել կարող չէ։

Այս դրության մեջ շատ հասկանալի է և աշակերտների վիճակը, նրանք անդադար պետք է փոխեն իրանց ուսանելի առարկաները, — մեկը պետք է կիսատ թողնեն և մյուսը սկսեն, և շատ անգամ ստիպված պիտի լինին միևնույն առարկան զանազան վարժապետից զանազան կերպով սովորել։ Նոր վարժապետը, ասելով, թե իր նախորդը չէ հասկացել, վատ է դաս տվել, — միշտ սկսում է գլխից, և սկսում է բոլորովին ուրիշ եղանակով։ Որքա՞ն դժվար է աշակերտին մոռանալ տալ մի առարկա, որի վրա տարիներով տանջվել է, և նույնը նորից սկսել նոր ձևով։

Նոր վարժապետը չէ շարունակում հնի սկսածը, այլ միշտ վերադառնում է սկզբին։ Այդ առաջանում է վարժապետների տարբեր կրթութենից, որոնք չեն ենթարկվում մի որոշ մանկավարժական եղանակի, այլ ամեն մեկը ուսուցանում է որպես ինքն է սովորել։ Եվ չէր կարող լինել նրանց դասատվության եղանակների մեջ միակերպություն, որովհետև չեն պատկանում մի որոշ շկոլայի։

Վարժապետների այս տեսակ վարմունքը առաջանում է շատ անգամ նրանից, որ երբեմն ինքը վարժապետը չգիտե իր առարկան և կամենում է շառլատանությամբ անցկացնել. — նրան հեշտ է մի առարկա գլխից սկսել, քան թե շարունակել, որովհետև, երբ գլխից է սկսում, ինքն փոքր առ փոքր սովորելով, կարողանում է դաս տալ։ Այս տեսակ վարժապետները, որպես ռամկորեն ասում են, իրանց «դալլաքությունը» ողորմելի դպրոցի գլխի վրա են սկսում սովորել. և կարողանում են շարունակել, որովհետև նրանց վրա կոնտրոլ չկա. նրանք դպրոցի վարչության մեջ պաշտպաններ ունեն, և իրանց «խաթրի» համար են պաշտոն տվել...

Եվ այսպես, նոր վարժապետը միշտ հնի աշխատությունը մերժում է և ուսման ընթացքը խանգարում է։ Աշակերտի հավատարմությունը և սերը դեպի իր ուսանելի առարկան կորչում է, որովհետև նրան անդադար ասում են, թե քեզ ծուռն են սովորեցրել, պետք է նորից սովորես։ Եվ յուրաքանչյուր վարժապետ, մի կամ երկու տարի մի դպրոցում մնալով, ամեն ինչ քանդում է, տակնուվրա է անում, և վերջը զզվեցնելով, թողնում և հեռանում է։ Եվ եթե նրանից հետո եկողը մի խղճմտանքով մարդ է լինում, նա հազիվ թե կարողանում է իր նախորդի քանդածները շինել…