Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քանիցս անգամ Զեզ գրած եմ, այժմ կրկնում եմ, որ մի քանի հատ ռուսերեն ընտիր թարգմանությունը, մանավանդ ռոմանս, իմ համար ուղարկեք. թե Մոսկվա կամ Ս. Պետերբուրգ բարեկամ ունիք, կարող են առնուլ, իսկ նոցա գինը որքան էլ լինի կգրեմ Թիֆլիսուց, անհապաղ Զեզ հասուցանեն։ Այս պահանջում եմ, որովհետև կասկածում եմ, այս տեղում ռուսաց լեզուն ամենևին անգործածությունից մոռանալ։ Մնաք բարև։

Ձեր Հ. Մ. ՄԵԼԻՔ ՀԱԿՈԲՅԱՆՑ

ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՐԲԵՐՈՍՆԵՐ

Հավասարության և ազատության հարցը կանանց սեռի քանի դար առաջ սկսավ մշակվել քաղաքակիրթ ազգերի մեջ, և վերջապես ներկա դարու առաջին կիսաբաժնում նա իր լուծումն ստացավ նորանով, թե կինը մարդկային կյանքի մի անդամն է, ուրեմն և պիտի լինի բաժանորդ նորա իրավունքներին։

Բայց թե մինչև ո՛ր աստիճան իրագործվեցավ այդ հարցի վճիռը լուսավոր Եվրոպայի և Ամերիկայի մեջ, մենք թողնում եմք զորա վրա խոսելը, միայն կասեմք մի քանի խոսք, թե որպիսի ընդունելություն գտավ նա հայերի կյանքում։

Արդարև, մի քանի եվրոպական քաղաքներում, որոնց թվումն է և Թիֆլիսը, հայերի ընտանեկան կյանքը նոր կերպարանք ստացավ:

Որպիսի՜:

Հայը դուրս բերավ հարեմի դարավոր բանտարկությունից յուր կինը, նա ձգեց նորա երեսից ծածկապահության քողը, նա թույլ տվեց նորա լեզվին խոսել և մտածել օտարների հետ։ Եվ սիրախնդիր տղամարդը, որո համար հայ կինը մի ծածկյալ գանձարան էր, պատիվ ունեցավ հանդիպել նորան թատրոններում, պարահանդեսներում, փողոցներում և ամենայն զբոսարաններում։

Բայց հին հարեմային դրության կուսակիցները դեռ ո՛չ բոլորովին անհետացած էին։ Ամեն գերդաստանում մի ծերունի պապա, կամ մի պառավ մամա, սկսան խորթ աչքով նայել մի այդպիսի նոր երևույթի վերա։ Նոքա բողոքեցին այդ ընտանեկան հեղափոխության