Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տվեցին մեր դպրոցներին մի քանի դասագրքեր։ Որո հակառակ, բարձր ուսում ստացած մանկավարժ-մասնագետներից մինչև այսօր ոչ մեկը չհայտնվեցավ ոչ վարժապետական ասպարեզում և ոչ գրականության մեջ։ Այստեղ ճշմարտվում է «Մշակի» այն կարծիքը, որ ժողովրդական թերուսների մեջ գտնվում է ուժ, եռանդ և ապագա...։ Ցույց տալու համար, թե այդ այդպես է, մենք հարկավոր ենք համարում փոքր-ինչ պարզել, թե ի՞նչ է մասնագետը և ի՞նչ է թերուսը։

* *

*

Մասնագետը փոխաբերական ձևով խոսելով, մի շտեմարան է, որի մեջ ամբարված են իր արհեստի վերաբերյալ զանազան մթերք, որոնք օտարի արդյունաբերության գործ են։ Նրա գլուխը մի պարկ է, որ լցրած է նույն մթերքով։ Եթե թափ տվեցիր պարկը — դատարկ կմնա։ Նա խոսում է, դատում է, վճռում է միշտ օտարի խելքով. ինքը սեփական դատողություն չունի։ Նա միշտ գրքերի հեղինակների անուններ է հիշում, — նա միշտ վկայություններ է բերում, իսկ իր կարծիքը չէ հայտնում։ Նա պատերազմում է արհեստական զենքով. ա՛ռ նրա ձեռքից զենքը, — նա կդառնա մի թույլ արարած…

Մասնագետը զգույշ է և երկչոտ. նա իր սեփական ուժերի վրա ինքնավստահություն չունի։ Երբ պետք է նրան մի բան գրել, իսկույն սկսում է գրքերը փորփրել, որ նրանց միջից մտքեր դուրս բերե. և այս պատճառով նրա գրվածքը լինում է կցկտուր և շատ անգամ մթին ու անկապ։ Նա կարող է լավ թարգմանել և օտարի աշխատություններից ծաղկաքաղ անել, բայց ոչ ստեղծել։ Նրա մեջ ինքնուրույնություն չկա։ Եվ այս է պատճառը, երբ մասնագետը անգործությունից մոռանում է իր սովորածը, նա շատ չէ զանազանվում հասարակ և տգետ մարդիկներից։

(Մեր խոսքերը այն անձանց ավելի հասկանալի կլինին, որոնք մտածել են մեր այժմյան բարձր ուսում ստացած երիտասարդներից ստեղծել մի տիպ և ներկայացնել կամ բեմի վրա և կամ վեպի մեջ։ Ամենևին չէ աջողվում մի այսպիսի աշխատություն, որովհետև նրանք կատարելագործված տիպեր չեն, — նրանք կեղծ բաներ են։ Նրանք որոշ գույն չունեն, միայն խայտաճամուկ երևույթներ ունեն, որոնք աչք են շլացնում... և այդ խայտաճամուկ գույները, կարծես, զարդարանքի համար են, և ժամանակը շուտով հնացնում է նրանց... )։

Բոլորովին սխալ և միակողմանի կլիներ մեր դատողությունը,