Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եթե այսքանը միայն լիներ մեր կարծիքը մասնագետների մասին: Լինում են բացառություններ, ուր բարձր ուսում ստացած մասնագետը սեփականում է իրան գիտությունը, լավ մարսում է նրան, և անցնելով հեղինակությունների վարդապետական սահմանից, — իր համար կազմում է մի ինքնուրույն և որոշ տեսություն: Այնուհետև նա իր սեփական հայացքն ունի իրերի վրա և դատում է իր խելքով: Եվ դրանց միջից ծնում են հանճարներ: Բայց զարմանալին այն է, որ եթե բաժանելու լինենք այսպիսիների թիվը, դարձյալ մեծամասնությունը կմնա ժողովրդական, և ժողովրդի ստոր դասից բարձրացած մարդիկների կողմը: Այդ այն պատճառով է, որ ժողովրդական մարդը, եթե կարելի է այսպես ասել, հղացած է մտնում գիտության մեջ. և գիտությունը միայն կատարելագործում է ծնունդը: Ժողովրդական մարդը նախ քան ոտք դնելը դպրոցի շեմքի վրա ունի իր աշխարհատեսությունը և գիտակցությունների հարուստ մթերք, որոնք թեև անմշակ են լինում, թեև իրանց սաղմնական վիճակի մեջ են գտնվում, բայց գիտության լույսի տակ բուսնում, աճում և հասունանում են։ Այս է պատճառը, որ ժողովրդի միջից դուրս եկած բարձր ուսում ստացած մարդիկ լինում են ընդարձակ հայացքի տեր և ունենում են բազմակողմանի հմտություններ։

**
*

Այժմ խոսենք, թե ինչ է թերուսը։

Թերուսը շատ նման է բարձր ուսում ստացած ժողովրդական մարդուն, այն զանազանությամբ միայն, որ դրա մեջ գիտությունը, ժողովրդական հմտությունների հետ համեմատելով, շատ փոքր մաս է կազմում։ Այլ կերպ խոսելով, թերուսը մի տեսակ բաղադրություն է, որի մեջ սեփական խելքը միացել է գիտութենից ստացած ճշմարտությունների հետ, թեև վերջինները առաջինի փոքր մասն են կազմում։

Բայց բնության օրենք է, երբ մարդու որևէ անդամը, կամ զգայարանքը խանգարված ու թույլ է լինում, մնացածները ավելի զարգանում են և փոխարինում են նրան։ Կույր մարդիկը կարողանում են ճանաչել մեկին ոտքերի ձայնից, և ճանաչել կեղծ դրամը մատների շոշափելով։ Խուլ ու մունջերի տեսանելիքը այնքան զարգանում է, որ նրանք դառնում են մի տեսակ ֆիզիոգնոմներ, և նայելով մարդու երեսին, հասկանում են նրա միտքը։ Ձեռք չունեցող մարդկանց ոտների մատները այնքան զարգանում են, որ կարողանում