Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են նրանցով գրել ու նկարել։ Ինչ որ լինում է մարմնական կազմվածքի մեջ, նույնը և լինում է մարդու մտավոր կարողությունների մեջ։ Անգրագետները զարմանալի հիշողություն ունեն. մի անգրագետ վաճառական կարողանում է իր բոլոր հաշիվները մտքումը պահել։ Ռամիկ երկրագործները ավելի լավ են գուշակում եղանակների փոփոխությունը, քան թե մի հմուտ օդերևութաբան (մետեորոլոգ)։

Այսպես է զարգանում և թերուսը։

Նա պատրաստի գիտությունից այնքան չէ ստանում, որ իրան բավականություն տա, և այս պատճառով նրա խելքը, դատողությունները և բոլոր մտավոր զորությունները ավելի ինքնուրույն կերպով զարգանում են։

Խմորի մի փոքրիկ մասը թթվեցնում է ամբողջ զանգվածը։ Գիտությունը, թեև փոքր չափով ստացած, նույն ներգործությունն է անում թերուսի մեջ։ Բավական է, որ նա ըմբռնում է մի փոքրիկ նշույլ գիտության լույսից. — այդ նշույլը նրա մեջ լայնանում է, և ընդարձակվելով, դեպի ամեն կողմ շառավիղներ է ձգում։

Թերուսը պատրաստի հող ունի և հողը ժողովրդական կյանքից ստացած ունակությունն է, որի մեջ ընկած ամեն սերմ անպտուղ չէ մնում։

Թերուսը մի պատվաստված ծառ է, որի վրա վայրենի դրության մեջ ուժեղ և առողջ էր, խորին արմատներ ուներ արձակած մայր հողի մեջ։ Նա քաղցր պտուղներ է տալիս, և նրա պտուղները ախորժելի են ավելի այն պատճառով, որ իրանց բնական և ինքնուրույն գույն, համ և հոտ ունեն։

Թերուսը, ավելի կատարելագործվելով, դառնում է մի տեսակ ինքնուս փիլիսոփա, որը ընդհանուր մարդկային ճշմարտությունները դուրս է բերում իր սեփական աշխատանքով, իր մտածություններով ու փորձերով։ Շատ անգամ նա սխալներ է գործում և խոշոր սխալներ, բայց որպես նրա ճիշտ գաղափարները իր առողջ դատողության արդյունք են, այնպես էլ գործած սխալները իր սխալներն են, օտարի խելքը չէ սխալեցնում նրան։ Նա շատ անգամ սայթաքում է, ընկնում է, որովհետև իր սեփական ոտների վրա է քայլում, վարձկան ձի չէ նստած։ Նա մարդկային հեղինակությունների հետ գործ չունի և գուցե չի էլ ճանաչում նրանց։ Նա հետևում է մեկ հեղինակության միայն — դա է բնության համաշխարհական գիրքը։ Այս հսկայական գրքից քաղում է նա ինչ որ իրան պետք է։