Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԴԵՌԵՎՍ ՈՒՇ ՉԷ

Այժմ ինչ որ խոսենք, ինչ որ գրենք, — այդ կդառնա որպես եվրոպացին ասում է` «ընթրիքից հետո մանանեխ» և կամ որպես մենք ասիացիքս ասում ենք` «հարսանիքից հետո զուռնա»։ — Մեր խոսքը տարաժամ կլինի։

Ներկա պատերազմիս սկզբից մեզանից շատերը հույս ունեին, թե տաճկական Հայաստանը զուրկ չի մնա այն արտոնություններից և այն իրավունքներից մեկից, որոնց համար պատերազմը հրատարակվեցավ, և որոնք պետք է տրվեին Թուրքիայի լծի տակ ճնշված քրիստոնյաներին։ Իսկ այժմ գործից երևում է, թե հայերի վիճակը ոչինչ փոփոխություն չէ կրելու. — շատ-շատ տաճկական Հայաստանի ռուսաց զորքերով գրավված մասը կմիանա Կովկասի հետ, բայց մնացած մեծ մասը դարձյալ կմնա թուրքերի ձեռքում, գուցե մի քանի խոստմունքներով, որպես միշտ եղել են մինչև այսօր և միշտ մնացել են որպես մեռյալ տառ...

Ինչո՞ւ հայերի վրա ուշադրություն չդարձրին, մի՞թե նրանց դարերով թափած արյունը, արտասուքը և մահմեդականներից կրած բարբարոսությունները իրավունք չէին տալիս որ նրանք ևս արժանանային Եվրոպայի գթությանը — թե նրանք էլ դժբախտ են և գտնվում են ավելի սարսափելի դրության մեջ, քան թե սլավոնական ցեղերը Բալկանի թերակղզում։ — Ահա՛ մի հարց, որ պարզել պետք է։

Ընդհանուր մարդասիրական կետից նայելով, և քրիստոնեական եղբայրասիրության զգացմամբ, պետք է, որ հայերի վրա ևս ուշադրություն դարձնեին։ Իսկ քաղաքականության կետից նայելով,