Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչ ոք պարտական չէր հայերի համար մտածել, քանի որ իրանք հայերը անշարժ մնացին և իրանց համար չմտածեցին։

Գերեզմանների վրա ոչ ոք ուշադրություն չէ դարձնում, որովհետև նրանք լուռ են, գոհ են իրանց վիճակից։ Այնպես էլ մեկը պարտական չէ ուրիշի փորի համար հոգալ, քանի որ նա չէ հայտնում, թե ինքը քաղցած է...

Այսուամենայնիվ հայերի վրա ուշադրություն դարձրին, հայերի վրա խոսեցին, և մինչև անգամ հայերին դրդեցին, որ իրանք էլ խոսեն, իրանք էլ բողոք բարձրացնեն, — բայց հայերը միշտ լուռ մնացին...

* *

*

Մեր անցյալ հոդվածում[1] մասամբ բացատրեցինք հայերի լռության պատճառը, բայց կա դեռևս շատ բան բացատրելու։ — Հայերի լռությունը երկու բանով կարելի է մեկնել, կամ նրանք գոհ են իրանց վիճակից, և կամ չեն հասկանում իրանց դրությունը, իրանց ինչ վիճակի մեջ լինելը։

Չէ կարելի մտածել, թե հայերը գոհ լինեին իրանց վիճակից, որովհետև անկարելի է գոհ լինել մի այնպիսի վիճակից, ուր կյանքի, կայքի և ընտանիքի ապահովություն չկա, ուր մարդու աշխատության արդյունքը հափշտակվում է բռնի ձեռքով, ուր նրա պատիվը շների հետ է հավասարված, ուր ամեն ինչ, որ նրա համար սուրբ է և նվիրական, հալածվում է, պղծվում է և կույր մոլեռանդության զոհ է դառնում։ — Անկարելի է գոհ լինել մի այսպիսի վիճակից։ Պետք է բոլորովին զուրկ լինի մարդ զգացողությունից, որ չհասկանա մի այսպիսի դրության սարսափելի դառնությունը, բայց մենք Թուրքիայի հայերին այս աստիճան մեռելության մեջ չենք դնում։

Մեր երկրորդ կարծիքը, թե նրանք չեն հասկանում իրանց դրությունը, ինքնըստինքյան լուծվում է առաջինի մեջ, — այսինքն եթե գոհ չեն, ուրեմն հասկանում են իրանց վիճակը, եթե չհասկանային, կատարյալ դիակներ կլինեին, որոնց այրում են, մոխիր են դարձնում, բայց նրանք ոչինչ չեն զգում...

Այժմ ծագում է մի նոր հարց. ի՞նչու բողոք չբարձրացրին, եթե գոհ չէին իրանց վիճակից։

  1. 1 Տե՛ս «Դարտակ հույսերով ենք խարվում» հոդվածը։ Ծանոթ. կազմողների: