Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայերից, ուղարկում էր իր երաշխավորին` հայ սեղանավորին, իսկ վերջինս պետք է ներկայացներ Բ. Դռանը։

Բայց հայ սեղանավորը ուներ իր առանձին հաշիվները Դռան հետ, — սկսյալ սուլթանի հարեմի ծախսերից, մինչև զորքերի և կառավարության այլևայլ պետքերի ծախսերը, նրանց ձեռքումն էին։ Եվ այս պատճառով երաշխավոր սեղանավորը` իր երաշխավորության վրա առած փաշայի պարտքերի փոխարեն շատ անգամ զուտ փող չէր ներկայացնում գանձարանին, այլ տալիս էր միայն ստացականներ իր հին պահանջների մասին, որ ուներ Դռնից։

Դրամական այս տեսակ շրջանառությունները, թե՛ Դռան և թե՛ կառավարության նշանավոր գործավարների հետ, տալիս է հայ սեղանավորին մեծամեծ շահեր, և այս շահերը այնքան ավելի առատ էին լինում, որքան բխում էին անմաքուր և պղտոր աղբյուրներից[1]:

Անդադար Դռան հետ հաշիվներ ու հարաբերություններ ունենալով, — ահա այդ կապալառու սարաֆներն, այդ հայի անվանը նախատինք բերող վաշխառու հրեաներն էին, որ արժանացան ամիրայության պատվանունի…։

Որպես Դռան մերձավորներ, ամիրաները մեծ ազդեցություն ունեին ազգային գործերի մեջ. համարյա ամեն գործ կախումն ուներ նրանց կամայականութենից։ Ամիրայի մի լոկ խոսքը օրենք էր, նրա հրամանները կատարվում էին ժողովրդի կողմից ամենայն հնազանդությամբ։ Ամիրաները իրավունքներ էին բանեցնում ոչ միայն Կ. Պոլսում, այլև գավառներում։ Արդեն ընթերցողը տեսավ, թե ինչ կապեր ունեին նրանք գավառները կառավարող փաշաների հետ, որոնց ձեռքով և ամեն բանի մեջ խառնվում էին։

Հայտնի բան է, իրավունքները, որ նրանք բանեցնում էին, պաշտոնապես չէր տրված իրանց, այլ գործում որպես մարդիկ, որ օգուտ քաղել գիտեն ժամանակի հանգամանքներից, — այսպիսով, կառավարության ընդհանուր անկարգության մեջ հանդիսանում էին որպես մի-մի բռնակալներ, թեև իրանց բռնակալությունը կարող էին գործ դնել դեպի իրանց ողորմելի ազգայինները միայն, իսկ դեպի օտարազգիք նույնքան ցած էին և գետնաքարշ։

  1. 1 Հայոց դրամատերերը, իրանց գումարները մի այսպիսի կեղտոտ շրջանառության մեջ դնելով, հեռու մնացին ազատ վաճառականությունից, և այլ ասպարեպը մնաց հույների ձեռքում։ Որովհետև հույները Դռան վստահությունը գրաված չլինելով, չկարողացան նրա հետ դրամական հաշիվների մեջ մտնել կամ հայերի հետ մրցություն անել, որոնք իրանց անազնվությամբ կարողացել էին հրապուրել թուրքերին։