Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս վերջին կուսակցությունը նրանով է միայն զանազանվում բուն թուրքասերներից (տերության հայ պաշտոնակալներից), որ դրանք սրտով ատում են թուրքերին, դժգոհ են դեպի նրա բարբարոսությունները, միայն մտածում են, թե բոլոր անկարգությունները ժամանակավոր են, թե հայոց ազգը համբերելով, կարող է հասնել մի բախտավոր ապագայի, երբ թուրքերը կքաղաքակրթվին, և Տաճկաստանի ընդհանուր հպատակների վրա կտիրե ազատ իրավունքը ու արդարությունը…։

* *

*

Մեր նկարագրած երեք կուսակցություններից երևաց, որ առաջինը, այսինքն` թուրքաց պաշտոնների մեջ ծառայողներն, ճիշտ կատարում են այն առածի իմաստը, թե «ում հացը որ ուտում են, նրա շահերի համար էլ հաչում են»։ Այսպիսի մարդիկ անձնական շահեր միայն ունեն, ընդհանուր, ազգային շահը անհասկանալի է նրանց։ Երկրորդ կուսակցությունը ամեն ինչ ռուսներից է սպասում։ Իսկ երրորդը ոչ միայն ռուսներից ակնկալություն չունի, այլ մտածելով, թե ամեն մի քրիստոնյա պետություն իր հոգու համար, դեպի հայերը օգնության ձեռք չի մեկնի, — այս կուսակցությունը ավելի սերտ կերպով կպած է Թուրքիային, հայ ժողովրդի ապագա բախտավորությունը թուրքերի քաղաքակրթության մեջ որոնելով։

Բայց կա մի ուրիշ կուսակցություն ևս` — նոր սերունդը, որ մի ժամանակ լուսավորյալների անուն էր կրում։ Այս կուսակցությունը Կ. Պոլսի մտածող դասի թարմ ուժն է կազմում։ Բայց որպես առհասարակ լինում է, երբ տակավին հների ազդեցությունը առաջնակարգ դեր է խաղում, այնպես էլ նոր սերունդը դեռևս իր տկար և անորոշ դրության մեջն է, դեռևս մի կազմակերպված ձև չէ ստացել, այս պատճառով սխալ կլիներ ասել, թե նրանք կուսակցություն են կազմում։ Նրանց չէ աջողվել մինչև այսօր բարձր դիրքերի վրա կանգնել, թե ազգային և թե պետության մեծ գործերի մեջ մտնել, որպեսզի սրտի և մտածության հետ միանար նրանց մեջ և իշխանությունը, որով կարողանային ավելի ազդու կերպով ներգործել։

Դրանք առհասարակ նյութական կողմից աղքատ, իսկ բարոյապես և մտավորական կողմից հարուստ մարդիկ են։ Դրանք դեռևս դեգերում են այս շրջանների շուրջը, որպես է` թատրոնը, խմբագրատունը, դպրոցները և քչերին աջողվել է անդամ լինել