Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգային ժողովի մեջ։ Ֆրանսիական թեթև կրթությունը տվել է նրանց բնավորությանը թեթև լինել, աշխույժ ունենալ, եռանդոտ լինել, — բայց ոչ տոկուն, խորամիտ ու հեռատես լինել։ Այս մարդիկը շուտ հափշտակվող, շուտ ոգևորվող և շուտ տաքացող մարդիկ են, բայց միևնույն ժամանակ շուտ սառչող են։ Այս տեսակ հատկությունները, իրավ է, պատրաստում են հեղափոխականներ, բայց չեն պատրաստում ասպարեզ դուրս եկող հերոսներ։

Այս մարդիկը ազնիվ են և բարեմիտ. ցանկանում են, որ հայն էլ թոթափե Թուրքիայի լուծը, ազատ դրություն ունենա, և իր ազատության մեջ զարգանալ ու առաջադիմել սկսե։ — Իսկ այդ վիճակին հասնելու եղանակների մեջ ոչ միայն անփորձ են, այլ անընդունակ են։ Ներկա հանգամանքները բոլորովին երևան հանեցին նրանց անընդունակությունները, որ իրանց ձեռքում ունենալով թատրոնական բեմը, լրագրությունը և դպրոցները, դարձյալ չկարողացան մի հաստատուն հող պատրաստել, որի վրա ոտը դնելով, վեր բարձրանար Թուրքիայի հայը իր ընկած դրությունից...։

Բայց կա. Կ. Պոլսում և մի ժողովրդական տարր, որ ներկայացանում է մշակ դասը։ Դրանք ըստ մեծի մասին Հայաստանից եկած գաղթականներն են, որ մայրաքաղաքում կատարում են համալի, թուլումբաջիի, չոփջիի-չրկիրի, դայըկջու և ուրիշ շատ ստոր ծառայություններ։ Հայրենիքից հեռացած, այդ պանդուխտ հերոսներն են, որ ամեն անգամ մի ազգային ծանր հարց բարձրանալիս, շրջապատում են պատրիարքարանի չորս կողմը, դռներ և պատուհաններ են փշրում, աղմուկ բարձրացնում և արդարություն են խնդրում։ Այս թշվառ մշակները հայրենիքից դառն աղքատության հետ բերել են իրանց սրտի մեջ խորին վերքեր, որ գործել է մահմեդականի բռնակալ ձեռքը և այս պատճառով նրանց ավելի զգալի է թուրքերի անտանելի լուծը։ Եվ ամեն բան կորցրած լինելով, — տուն, տեղ, հայրենիք, — նրանք այլևս ոչինչ կորցնելու չունեն, և առանց երկյուղի բողոք են բարձրացնում, ու իրանց թշվառ, անտեր ընտանիքների համար ազատություն են խնդրում, պատրիարքի օձիքից բռնելով...։

* *

*

«Մշակի» վերջին համարներից երևաց, որ Կ. Պոլսի պատրիարքը, գուցե անգլիական դեսպանի դրդելուց թելադրված, ներկայացրեց ազգային ժողովին մի ծրագիր, որով առաջարկում էր