Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայերի համար խնդրել այն արտոնություններից մեկը, որ պիտի վայելեն սլավոնական ցեղերը Բալկանի թերակղզու վրա։ Ազգային ժողովը մերժեց պատրիարքի առաջարկությունը, հայտնի չէ ինչ հիմնավոր փաստերով։

Որքան մեզ հայտնի է, ազգային ժողովը ի նկատի է ունեցել այն, թե արևմտյան եվրոպական պետությունների յուրաքանչյուրը արևելյան հարց պատրվակով միայն իրանց սեփական շահերն են որոնում, — և որովհետև Հայաստանի ազատությունը որևիցե կերպով նրանց շահերը չէ շոշափում, ուրեմն հայերի առաջարկությունը կմնար առանց հետևանքի կազմվելիք կոնֆերենցիայի մեջ։

Մենք չենք խոսում, թե որքան սխալ է այդ դատողությունը, միայն կասենք, թե Անգլիան կցանկանար Հայաստանը ազատ տեսնել, քան թե նրան մի ուրիշ պետության հետ խառնված տեսնել, — մենք հարկավոր չենք համարում նաև բացատրել, թե ինչ շահ ունի Անգլիան, — բայց դիցուք թե ուղիղ է ազգային ժողովի դատողությունը, որով նա մերժում է պատրիարքի ծրագիրը, միայն մի հարց առաջարկենք` ի՞նչ կկորցներ ազգային ժողովը, եթե կազմվելիք կոնֆերենցիային մի հայկական խնդիր առաջարկեր։

Մեզ կպատասխանեն, թե ազգային ժողովի ձայնը իր նպատակին չէր հասնի, և այնուհետև հայերը կկորցնեին իրենց հավատարիմ հպատակության համարումը և կասկածելի կդառնային թուրքերի աչքում։ Մեզ կպատասխանեն գուցե մի ավելի ծայրահեղ բան, թե թուրքերը հայերին ապստամբ համարելով, կսկսեին նրանց կոտորել Կ. Պոլսի մեջ։

Հավատարիմ հպատակությունը մի այնպիսի պետության վերաբերությամբ, որպես Թուրքիան է, նշանակում է կույր հնազանդություն, այսինքն` անտրտունջ տանել բռնակալի բոլոր բարբարոսությունները։ Եվ հայերը մինչև այսօր իրանց հավատարիմ հպատակությամբ ոչինչ չշահեցին, միայն ծանրացրին իրանց ստրկության շղթաները։ Որովհետև բռնակալ պետությունները ավելի ակնածություն ունեն դեպի այն ազգերը, որոնք անհավատարիմ կամ կասկածավոր են, և այնպիսիների ձայնը կտրելու համար միշտ աշխատում են գրավել նրանց այս և այն պահանջները կատարելով։ Իսկ հավատարիմների վրա նայում են որպես մորթված զոհերի վրա... Այս խոսքերը ապացուցանելու համար բավական է օրինակ վեր առնել Թուրքիայի հույներին, որոնք միշտ կասկածելի են եղել կառավարության աչքում, և միշտ ավելի պատվավոր են եղել, քան թե հայերը և միշտ առաջադեմ։