Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ ինչ վերաբերում է մյուս հարցին, թե գուցե թուրքերը զայրանալով կկոտորեին հայերին, — նախ, այսպիսի բան պատահել չէր կարող, քանի որ Անգլիայի նավատորմը կանգնած է Կ. Պոլսի պարիսպների տակ քրիստոնյաներին մահմեդականների բարբարոսությունից զերծ պահելու անունով։ Բայց եթե պատահեր ևս մի այդպիսի անցք, որ հայերին կոտորեին, — նույնիսկ կոտորածի միջից կբարձրանար նրանց ազատությունը, որովհետև առանց արյունի, առանց զոհերի փրկություն չէ լինում...

Ուրեմն ժամանակ է, որ Կ. Պոլսի ազգային ժողովը իր պատրիարքի հետ գործե մի վճռական քայլ, տարտամ երկմտությունը այսպիսի հանգամանքներում ոչինչ օգուտ չէ կարող բերել։ Կոնֆերենցիան այսօր թե վաղը կկազմվի, եթե այս անգամ էլ չհաջողվեցավ բարձրացնել մի հայկական հարց, այնուհետև Տաճկաստանի հայերի ապագան պետք է կորած համարել։

Դեռևս ուշ չէ։ Բայց երկար հապաղումը կկատարե հայերի գլխին ավետարանական այն առակը, թե «փեսան կգա, պատրաստները կմտնեն նրա հետ հարսանիքը, դռները կփակվեն, հետո կգան հիմար կույսերը, դուռը կբախեն ու կասեն. «բա՛ց մեզ, տեր», իսկ նրանց կպատասխանեն. — «չեմ ճանաչում ձեզ»...

Վերջացնելով մեր հոդվածը, այդ հարցն ենք դնում. — մի՞թե ընդհանուր հայոց վեհ. կաթողիկոսը պետք է անտարբեր մնա։

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐԻՆ
Վ. Ագուլիս, 11 հունիսի

Ես ստացա զանազան քաղաքներից մի քանի նամակներ շատ ստորագրություններով, որոնց մեջ համակրություն էին հայտնում «Ջալալեդդին» վեպի վերաբերությամբ։ Հայ հեղինակի համար դա էլ մեծ մխիթարություն է, որ իր աշխատությունը գնահատվում է, եթե ոչ նյութապես, գոնե բարոյապես։ Ես ուրախ եմ տեսնելով, որ ստորագրությունների մեծ մասը պատկանում է նոր սերնդին, ռեալական գիմնազիոնի ուսանողներին. — երբ հեղինակի խոսքը արձագանք է գտնում մանուկ սրտերի մեջ, նա երջանիկ է... — Սերմը բարեբեր հողի վրա է ընկնում։

Սեղմում եմ ձեր ձեռքը, ո՛վ ապագայի թա՛րմ հույսեր, դուք ողջ լինե՛ք։