Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հողի վերաբերությամբ բոլոր կալվածական օրենքները բխում են վերոհիշյալ վարդապետությունից. սուլթանը հողի տերն է, իսկ երկրագործը, մշակ դասը — նրա վարձկանը կամ կապալառուն։ Հայը հող ունենալու համար պետք է վարձե կառավարությունից, կամ տաճկական ասացվածքով խոսելով, — պետք է թափու անե. և այն օրից դադարում է նրա իրավունքը իր վարձած հողի վրա, երբ օրենքի պահանջած ժամանակներում չէ նորոգում իր կալվածագիրը, կամ չէ կատարում այս և այն պարտավորությունները, իսկ մի այսպիսի կալվածագիր պայմանագրի զորություն ունի, ավելի ոչինչ։

Այսպիսով ոչինչ չէ կապում երկրագործ դասին երկրի հետ և հետևապես մշակության կամ աշխատության հետ։ Եվ ի նկատի ունենալով այն անտանելի պայմանները, որով ծանրաբեռնվում է մշակը մի կտոր հող վարելու համար, շատ հասկանալի է լինում, թե ինչու նա թողնում է հայրենի երկիրը և հազարներով գաղթում է օտարության մեջ ապրուստ որոնելու։ Ուրեմն հային իր հայրենի երկրի հետ կապելու համար, գաղթականությունը դադարեցնելու համար, միակ և ամենակարևոր միջոցն է նրան իրավունք տալ ազատ կալվածատեր լինելու, որ նա, որպես սեփականություն իր հողն ունենա և նրանից ամեն կերպով օգտվելու իրավունք ունենա։ Դրանով կարելի է միայն հնար տալ գյուղացուն իր աշխատությամբ իր ապրուստը հայթայթելու։ Նա չպիտի լինի վարձակալ, այլ հողը պիտի լինի նրա համար մի հաստատուն ժառանգություն, որ անցնում է սերունդից սերունդ, որը նա կարող էր գնել, վաճառել, գրավ դնել, մի խոսքով, վարվել նրա հետ որպես իրան պատկանող սեփականության հետ։ — Այդ պետք է լինի հայոց պատրիարքի պահանջելի գլխավոր վերանորոգություններից մեկը, եթե նա ցանկանում է, որ հայը արմատ ձգե Հայաստանի հողի վրա, պետք է նրա տերը լինի, պետք է նրանից ծծե իր սնունդը, որպես մանուկը մոր ստինքներից։ Իսկ ինչ վերաբերում է մուլթեզիմների (կապալառուների) հարստահարություններին, հարկերի ծանրությանը, որոնցով կողոպտվում է մշակ դասը, ինչ որ վերաբերում է զանազան բռնակալների և դերեբեկիների կեղեքումներին, — մենք համարում ենք այդ բոլորը ժամանակավոր անկարգություններ, սրանցից ազատ չեն մնում նույնիսկ մահմեդականները, և որոնք Թուրքիայի ընդհանուր բարենորոգումների ժամանակ միայն կարող են կարգի և օրինավորության մեջ դրվել։

Բ. Հայերի կյանքի անապահովությունը, քրդերից, չերքեզներից,