Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործ չունենան ուլեմների և ղադիների հետ։ Այսուամենայնիվ, թե սահմանադրությունը և թե գավառական մեջլիսները չկարողացան բավականություն տալ հայերին։ Ի՞նչու։ Որովհետև հայոց ազգային սահմանադրությունը ուներ ավելի կրոնական բնավորություն, նա չէր անցնում բուն ազգային գործերի սահմանից, որպիսին են դպրոց, եկեղեցի և այլն։ Իսկ գավառական մեջլիսները իրանց անկարգ կազմակերպությամբ ոչինչ օգուտ չէին բերում։

Մեր կարծիքով հայերին թուրքերի կառավարության դատաստանական անիրավությունից ազատելու համար նոր բան պահանջել դժվարություններ կհարուցաներ, գուցե չէին տա ևս։ Հարկավոր է պահանջել, որ լրացնեն, կատարելագործեն այն արտոնությունները, ինչ որ մի անգամ շնորհված էր հայերին, թեև անկատար կերպով։ Մենք դարձյալ ի նկատի ունենք ազգային սահմանադրությունը և գավառական մեջլիսները։

Եթե հայոց ազգային սահմանադրությունը ընդլայնե իր նեղ շրջանը նոր իրավունքներով, եթե տրվին նրան և քաղաքական իրավունքներ, — եթե նա Կ. Պոլսի պարիսպներից դուրս գալով, տարածվի բոլոր հայաբնակ գավառներում, — այնուհետև մի այսպիսի վարչություն կարող էր հայերի թե եկեղեցական, թե քաղաքական և թե քրեական բոլոր գործերին բավականություն տալ, և հայերը ավելի պատրաստված լինելով մի այսպիսի վարչության համար, իրանց գործերը իրանց մեջ իրանց ձեռքով կվճռեին։ Բայց այս այսպես լինելուց հետո ծագում է մի հարց. ի՞նչպես և ո՞րտեղ պիտի վճռվեն այն գործերը, որ հայը ունի մահմեդականի հետ։

— Գավառական մեջլիսներում։

Գավառական մեջլիսների նպատակը որպես վերևում հայտնեցինք, եղել է վճռել զանազան ազգությունների գործերը, և այս մտքով հիշյալ դատարանների անդամներն ընտրվում էին խառն մահմեդականներից և ոչ-մահմեդականներից։ Բայց եթե մինչև այսօր նրանք իրանց նպատակին չծառայեցին, պատճառն այն էր, որ մեջլիսները զուրկ էին որևիցե որոշ օրենսդրությունից, գրավոր ոչինչ չկար, գործերի քննությունը լինում էր բերանացի կերպով և վճիռները կայանում էին միայն ձայների վրա, ոչ թե նրանց բազմությանը նայելով, այլ թե ձայնավորը որպիսի դիրք էր բռնած ժողովի մեջ։ Այսպիսի հանգամանքներում, հայտնի բան է, կամայականությունը մեծ դեր պիտի խաղար և գործերը պիտի վճռվեին այն անձանց օգտին, որոնք ժողովի մեջ զորեղ պաշտպաններ ունեին. իսկ զորեղ պաշտպաններ կարող էին լինել մահմեդականները,