Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև ոչ-մահմեդականները միայն ձևի համար այնտեղ նստած էին լինում։

Այստեղից երևում է, որ Թուրքիայի կառավարությունը սկիզբը դրած է այն հիմնարկությունների, որ պետք է բարվոքեին ոչ-մահմեդականների վիճակը, բայց անկարգ և անկանոն կերպով։ Նա շնորհել է հայերին ազգային սահմանադրություն, բայց անկատարնա հիմնել է զանազան ազգություններից խառն մեջլիսներ, բայց առանց օրենքի։

Այսպիսի խառն մահմեդականներից և ոչ-մահմեդականներից կազմված մեջլիսներն այն ժամանակ միայն կարող են նպատակահարմար լինել, երբ կհիմնվեն եվրոպական օրենսդրության սկզբունքների վրա, երբ բոլորովին նոր կազմակերպություն կստանան։ Այսպիսի մի դատարանի պահանջ կար հայոց պատգամավորների Բեռլինի ավագաժողովին ներկայացրած ծրագրի մեջ, բայց նա բուն հայկական էր։ Մեր կարծիքով, պետք չէ վախեցնել Թուրքիային, իբր թե նրանից նոր բան է պահանջվում, հարկավոր է միայն արդեն եղածների և մի անգամ շնորհվածների ձևը փոխել, — այս քաղաքականությանը պետք է հետևի Կ. Պոլսի պատրիարքարանն իր պահանջելի վերանորոգությունների մեջ։ — Ընդարձակվելով հայոց ազգային սահմանադրության սահմանափակ շրջանը նոր իրավունքներով և տարածվելով բոլոր հայաբնակ գավառներում, այդ բավական կլիներ հայերին հնար տալ իրանց գործերը իրանց ձեռքով վճռելու, իսկ վերանորոգվելով գավառական մեջլիսները, կդյուրացնեին նրան դատաստանական հարաբերություններն օտարազգիների հետ։

Դ. Անապահովություն ազգային առանձնությունների։ Խոսելով ազգային առանձնությունների վրա, Թուրքիայի հայի վիճակը մեր առջև խիստ տխուր գույներով է նկարվում։ Մինչև այսօր մենք սխալ կարծիքի մեջ էինք. մենք այսպես էինք մտածում. «Հայոց ազգը մի կրոնական ազգ է, նրա հիմքը դրած է իր եկեղեցու վրա, իսկ մեր եկեղեցին կարող է ավելի հաստատուն մնալ Թուրքիայում, ուրեմն այստեղ կարող է պահպանվել և մեր ազգությունը»։ — «Եթե մեր ազգը այսօր գոյություն ունի, դրանով մենք պարտական ենք մահմեդականությանը», — ասում էր մեր երևելի մտածողներից մեկը։

Մենք թողնում ենք վիճել այս կարծիքի դեմ, թեև հայր ամենևին կրոնական ազգ չէ, և թողնում ենք հերքել մի այսպիսի երեխայական դատողություն, թեև լոկ կրոնքով մի ազգ մշտապես