Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահպանվել չէ կարող, և թե եկեղեցին խիստ խախուտ հիմք է ազգության գոյությունը պահպանելու, — և ընդունում ենք, որ հայը իր կրոնով և եկեղեցիով կարող է միշտ հայ մնալ։ Բայց ո՞րտեղ հայոց կրոնը և եկեղեցին այնքան վտանգի ենթակա են, որքան Թուրքիայում։

Թե ի՛նչպես է կլանում մահմեդականությունը քրիստոնյա ժողովուրդներին, բավական է աչքի առաջ ունենալ այն բազմաթիվ մահմեդականացած հայոց գյուղորայքը, որ այժմ կարելի է տեսնել Փոքր Ասիայի ամեն կողմերում։ Բայց Թուրքիայում կա մի ավելի սաստիկ վտանգ հայոց եկեղեցուն քրիստոնյա միսիոնարներից, որոնք ավելի ճարպիկ են, քան մահմեդականները, որոնք քարոզներով են կրոնափոխ անում, իսկ թուրքը բռնությամբ։ Ոչ մի երկրում կաթոլիկությունը և բողոքականությունն այնքան տարածված չէ հայերի մեջ, որքան Տաճկաստանում, համարյա ամեն տեղ մտել են նրանց քարոզիչները։ Էլ ի՞նչ խելքով ենք մտածում, թե մեր եկեղեցին Թուրքիայում ապահով դրության մեջ է։ Կրոնափոխությունն այսուհետև ավելի կսաստկանա, երբ անգլիացիները Փոքր Ասիան իրանց հովանավորության տակ առնելով, կմտցնեն հայերի մեջ իրանց միսիոնարներին[1]: Մինչև այսօր հայտնված քարոզիչներն ամերիկացիք էին, այսուհետև կավելանան և անգլիականները, իսկ այդ վերջիններն ավելի հեշտ կերպով որսալ կարող են, քանի որ գիտենք, որ կրոնափոխ եղող հայերը ավելի եվրոպացիներից մահմեդականների հալածանքների դեմ պաշտպանություն գտնելու համար են հեռանում մայրենի եկեղեցուց. և պաշտպանել անգլիացիները միշտ կարող են իրանց նոր հավատակիցներին։

Թուրքիայի խորամանկ քաղաքականությունը կարծես լավ էր ըմբռնել, թե ի՛նչ նշանակություն ունի կրոնափոխությունը հպատակ քրիստոնյա ազգությունների մեջ։ Նա տեսնելով, օրինակ, հայերին մի կրոնական ժողովուրդ, որ ուրիշ հիմք չէ ճանաչում իր ազգության բացի եկեղեցին, միշտ աշխատել է զբաղեցնել նրանց կրոնական երկպառակություններով, միշտ աշխատել է քակտել նրանց միությունը, թույլ տալով տարածվել հայերի մեջ կաթոլիկության

  1. 1 Դեռ ռուս-թուրքական պատերազմից առաջ ինձ պատահեց Թավրիզում խոսել մի անգլիացի քահանայի հետ, որ վերադառնում էր Տաճկական Հայաստանից, նա հայտնեց, թե Լոնդոնում նպատակ կա քարոզիչների մի առաքելթյուն ուղարկել Հայաստանում։ Այդ մարդը ուղարկվել էր հետազոտել հողը...