Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և բողոքականության։ Հին սուլթաններն ազգայնության ավելի հիմնական արմատին էին զարկում — լեզվին, և որի պատճառով հայտնվեցան այնքան բազմաթիվ տաճկախոս և քրդախոս հայեր, որ մինչև այսօր էլ կան, թեև հայոց եկեղեցուն են պատկանում։ Իսկ վերջին սուլթանների ժամանակ սկսեցին քրիստոնյա ժողովուրդների ուժերը թուլացնել և նրանց ազգային միությունը բաժանել կրոնական հերձվածներով։

Թուրքիայի քաղաքականությունը չէր բավականանում, որ հայերից նոր եկեղեցիներ էին բաժանվում, այլ աշխատում էր այդ վերջինների մեջ ևս հերձվածներ տարածել, որպես եղավ հայ-բողոքականների և հայ-կաթոլիկների մեջ։ Այդ մասին բավական է հիշել հասունյանների և հակահասունյանների կռիվը, որ մի քանի տարիներ տևեց, և եթե կառավարությունը օգնեց հակահասունյաններին, ոչ նրանց ավելի ազատամիտ ձգտումների համար էր, այլ որ նրանք մի նոր հերձված էին կազմում հայ-կաթոլիկների մեջ, մի չափով տկարացնում էին նրանց ուժերը։ Այժմ լսում ենք կրկին ներս թողեցին Հասունին Կ. Պոլիս, երևի հին երկպառակությունները նորոգելու համար։

Առհասարակ Թուրքիայի քաղաքագիտությունը մենք շատ միամիտ ենք համարում, քան թե չնայելով, որ նա իր մոնղոլական խաբեության վրա պատվաստել է բյուզանդական խորամանկությունը։ Նա գիտե իր հպատակ ժողովուրդների մեջ միշտ խռովություններ սերմանել, նրանց միության կապերը խզել։ Ով որ ուսումնասիրել է Կ. Պոլսի հայոց լրագրությունը, կհիշե, որ Երուսաղեմի ս. Հակոբա վանքը մի երկպառության խնձոր է Կ. Պոլսի հայոց և հունաց պատրիարքարանների մեջ. ամեն տարի սուրբ Հարության տոնին ի՛նչ անկարգություններ են պատահում հայ և հույն աբեղաների մեջ, շատ անգամ կռիվներն արյունահեղության են հասնում, բայց այսքան տարիների ընթացքում կառավարությունը վերջ դրե՞ց նրանց վեճերին, թեև չնչին բաներ են։

Այժմ կարծեմ ընթերցողը մեզ հետ կհամաձայնի, թե ինչ վտանգ է սպառնում հայոց եկեղեցուն Թուրքիայում, և եթե դա պետք է լինի ազգի գոյությունը պահպանող հիմունքը, նրա կյանքը խիստ երկբայական է... Բեռլինի դաշնագրի համեմատ Թուրքիայի խոստացած «կրոնի ազատությունը» մի նոր ասպարեզ պիտի բաց անե եվրոպացի քարոզիչների առջև, և հայերը Փոքր Ասիային հովանավորող անգլիացիներից պաշտպանություն գտնելու հուսով պիտի զոհեն իրանց կրոնը. ո՞վ կարող է մրցություն անել նրանց