Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ, — մեր անհոգ հոգևորականությո՞ւնը, թե մեր թեթևսոլիկ ուսումնականները... — Ո՛չ ոք մեր կարծիքով։ Այժմ կմնա Թուրքիայի հային թողնել եկեղեցին, թողնել կրոնն անհատների խղճի վրա և ձեռք մեկնել հայ-կաթոլիկին, հայ-բողոքականին և հայ-մահմեդականին, ասել նրանց. «մենք եղբայրներ ենք, մենք միասին պետք է բաժանենք մեր ներկան և ապագան, թող եկեղեցին բաժանե մեզ, միացնենք մեր ուժերը և միասին գործենք»։

Վերջացնելով մեր հոդվածը, կհամառոտենք մեր կարծիքն այս խոսքերով. այժմ, որ Կ. Պոլսի պատրիարքը զբաղված է Թուրքիայի հայերին տրվելի վերանորոգություններով, նախ և առաջ պետք է միանա հայ-կաթոլիկների և հայ-բողոքականների ներկայացուցիչների հետ, և որպես ընդհանուր ազգային գործ, գլխավորապես պետք է ի նկատի ունենա հետևյալ պահանջները. ա. երկրագործը, գյուղացին սեփական հող ունենա և նրան ապահովություն տրվի ազատ մնալ հին բռնավորների, հարստահարիչների ավազակություններից։ Բ. հայերը իրավունք ունենան զենք կրելու, որպես իրանց դրացի ազգերը, և փոխանակ զինվորական տուրք վճարելու, նույն վճարով կազմեն ազգային միլիցիա զանազան վայրենի ցեղերից — քրդերից, չերքեզներից — իրանց կյանքը և կայքը պահպանելու համար։ Գ. Հայոց ազգային սահմանադրությունը, նոր իրավունքներով և արտոնություններով կատարելագործվելով, տարածվի բոլոր հայաբնակ գավառներում։ Դ. Ազգը և ազգային առանձնությունները պահպանելու համար այնպիսի կարգադրություններ լինեն, որ սահման դրվի մահմեդականների մոլեռանդությանը, և բռնի հավատափոխություններին, առևանգություններին վերջ դրվի։ Այլև վանքերի և ազգային դպրոցների առաջադիմությունը սահմանափակող Թուրքիայի գործ դրած խորամանկ միջոցները հեռացվին, որ ուսումը և կրթությունը անարգել ընթացք ստանա։

Ժամանակ է թոթափել հին նախապաշարմունքների փոշին, ժամանակ է ձեռք առնել դպրոցը, որպես մի նոր կապ մեր և մեզանից օտարացած ազգայինների մեջ, — որպես մի նոր ավազան, ուր հայ-կաթոլիկը, հայ-մահմեդականը և հայ-բողոքականը կմկրտվեն նոր հոգով և նոր կյանքով և կդրոշմվեն ազգայնության անունով. — դրանով միայն կարող ենք միացնել մեզ հետ մեր եղբայրներին, որ բաժանեց եկեղեցու ավազանը…