Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀԱՅԴՈԻԿՆԵՐ

Հայդուկ բառը չէ նշանակում գող, ավազակ, կամ վտարանդի ելուզակներ. դա նույն նշանակությունն ունի, ինչ որ էին հունաց կլիֆտները նրանց ապստամբության ժամանակ, կամ...[1] սուլիոտները։ Հայդուկը բնական արտահայտություն է բռնակալության լծի տակ ճնշված, հարստահարությունից տանջված և յուր մարդկային բոլոր իրավունքները կորցրած ժողովրդի կյանքի։ Հայդուկը ստրուկի բողոքն է իշխողի բարբարոսության դեմ։ Նա թողնում է ընտանեական օջախը, որ իր համար պղծված էր, նա թողնում է յուր հասարակությունը, առանձնանում է մթին անտառների խորքում, սարերի անմատչելի փապարներում, և այնտեղ, որպես մի փոքրիկ թագավոր, լեռների ազատ որդին, սկսում է տիրել ամայության վրա։ Բնությունը միանում է հաջող ձեռքի հետ, և հայդուկը իր որջից մահ և սարսափ է սպառնում իր շրջակայքի վրա։ Իրավ, նա մորթում է, կողոպտում է, այրում է մարդկանց բնակարանները, բայց այդ բոլորը գործում է, որպես նեղված ժողովրդի բարկության ոգին, որ վրեժխնդրության մեջ բավականություն է գտնում։

Հայդուգը հասարակ ավազակից որոշվում է գլխավորապես նրանով, որ նա ոչ թե հափշտակության ագահութունից դրդված, կամ հանգամանքներից ստիպված է գործադրում իր արյունահեղ արհեստը, — այլ նրա սրտի հետ կապված է խորին ազգային զգացմունք և ազատության բաղձանք։ Հայդուկի գործունեությունը հեղափոխական բնավորություն է ստանում այս կողմից, որովհետև նա իր սրով պաշտպան է հանդիսանում նեղյալին, և ուխտում է անգթաբար պատժել անիրավությունը։ Իր սիրելի հայրենիքը ազատված տեսնել տիրանի ճնշումից, իր արյունակից եղբայրներին փրկել բարբարոս ձեռքից — ահա դրանք են նրա ցանկությունները. սրանց հասնելու համար նա չէ խնայում ամեն սարսափելի միջոցներ։

Մեզանում դեռ գրականությունն ուշադրություն չէ դարձրել այս տեսակ երևույթների վրա. հայդուկները, ավազակները մեզ մոտ դեռ չեն մտել վեպերի կամ բեմական գրվածքների մեջ, թեև նրանք խիստ հաճախ հայտնվել են և անհետացել ժամանակի հոսանքի հետ։ Հայդուկը և ավազակը չեն ճանաչվել մեզանում որպես

  1. Բնագրում պակասում է մի բառ։ Ծանոթ. «Արաքս» ամսագրի խմբ.