Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղացի կանանց մոտ, իրանց պատմական հատկանիշներով համարյա մնացել են միևնույնը։

Շատ անգամ մարդ զարմանում է, մտնելով մի մեծ գյուղական ընտանիք. նա բաղկանում է քսան, երեսուն և երբեմն քառասուն հոգուց — դա մի փոքրիկ պետություն է, որի մեջ տիրում է խորին ներդաշնակություն: Ալևոր պապերը դարևոր հասակներով — թվով մի քանի եղբայրներ — դեռ կենդանի են. կենդանի են և ծերունի պառավները։ Նրանց շրջապատել են որդիները, թոռները, ծոռները, — մի քանի սերունդ իրանց կնիկներով և զավակներով։ Ընտանիքի պետը համարվում է նա, որ հասակով ամենից ավագն է, այսինքն «մեծ պապը». բոլոր անդամները հպատակում են նրա հեղինակությանը։ Նրանից հետո երկրորդ տեղն է բռնում մեծ տատը, որի իշխանությունը տարածվում է ավելի կանանց հասարակության վրա։ Եվ եթե դրանք չկային, «մեծ պապին» հաջորդում է եղբայրներից երեցը, իսկ պառավ տատին մեծ հարսը, այսինքն երեց եղբոր կինը։ Հնազանդությունը մինը մյուսին ընտանիքի փոքրիկից սկսվում է աստիճանաբար դեպի բարձր, մինչև հասնում է այն անձինքներին, որ համարվում են գերդաստանի գլխավորները։ Կանանց սեռը (բացի պառավ տատից) զրկված է ձայնի իրավունքից։ Այդ նախադասությունը պետք է հասկանալ իր բառացի նշանակությամբ. նրանք ոչ միայն չեն կարող խորհրդակցել տան պետքերի մասին, այլ խոսելն անգամ արգելված է նրանց։

Այդ ընդհանուր նկատողությունից հետո ընտանիքի կազմակերպության մասին, ես դառնում եմ դեպի գեղջկուհին, սկսելով նրա ծնունդից։

Գեղջկուհին չէ ծնում դաշտումը, բաց օդի ներքո, խոտի դեզի տակ, թուփերի կամ արտի մեջ, և երկունքից հետո անմիջապես սկսում իր աշխատությունը, որպես այդ լինում է մինչև անգամ բավական քաղաքակիրթ ազգերի գյուղացիների մեջ։ Ծնունդը մոտենալու ժամանակ մոր վրա խնամք են տանում, նրան հեռու են պահում ծանր աշխատություններից, թույլ չեն տալիս, որ շալակ վեր առնե, կամ աղբյուրից ջուր բերե։ Երբ ծնավ, մինչև մանուկի մկրտվելը, որ սովորաբար տևում է ութն օր, մայրն անկողնի մեջ պառկած է մնում։ Եթե ծնունդը տղա էր, նրա անկողինը շրջապատում են մի խումբ պառավներ, որոնք գործ են դնում իրանց ամբողջ կախարդական արհեստը մոր և նորածին մանուկի կյանքն անվնաս պահելու «չարքերից», «ալքերից», «քաջքերից», «դևերից»,