Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«մեզնից աղեկներից», «սատանաներից» և այլն: Մանուկի օրորոցը նույնպես զրահավորում են բժժանքներով, հուռութքներով, մահեկներով և մինչև անգամ տերտերի գրած «բըթիկներով»: Իսկ աղջիկը զուրկ է մնում այդ նախախնամություններից: Գյուղացին ծնունդի վրա չէ նայում որպես մի բնական երևույթի վրա, այլ նրա մասին ունի բազմաթիվ նախապաշարմունքներ: Կնոջ անպտղաբերությունը նախատինք է համարվում և այս պատճառով ամեն մի ծնունդ, մանավանդ տղայինը, թե տղամարդի և թե բարեկամների կողմից ընդունվում է ուրախությամբ: Մորը կերակրում են արտաքո կարգի սննդարար կերակուրներով, որոնց մեջ առաջին տեղը բռնում է մեղրով պատրաստած ձվածեղը, որը նա ստանում է հարևաններից: Իսկ աղջկա ծնունդը հանդիպում է խուլ դժգոհության, բարեկամները չեն գնում շնորհավորելու, կամ որպես ասում են` «աչքալուսանք» տալու ծնողներին: Մեր գեղջկուհիքն ըստ մեծի մասին պտղաբեր են լինում, նրանք ծնում են երբեմն մինչև 40-45 տարեկան հասակը: Ամուլ կինը պատիվ չունի որպես ընտանիքի, նույնպես և հասարակության մեջ. նրա վրա նայում են որպես չբերք կովի վրա: Գյուղացին շատ անգամ պարծենում է իր որդիների բազմությունով, որպես իր կապիտալով: Եվ որքան ավելի աճում է կնոջ զավակների թիվը, այնքան նա կշիռ և իրավասություն է ստանում ընտանիքի մեջ. «Ես տասն տղամարդի մայր եմ» — լսվում է շատ անգամ նրա բերանից: Բայց ափսո՛ս, որ երեխաների չափազանց մահացությունը, որ առաջ է գալիս վատ պահպանելուց, չեն բախտավորացնում ամեն մայրերին:

Մայրն ինքն է ծիծ տալիս զավակին, իսկ եթե նա տկար էր, կամ կաթը պակաս էր, օգնում են հարևան կնիկները: Ծնելուց հետո մայրը մինչև քառասուն օր ցերեկով իր օթևանից ոտքը դուրս չէ դնում, «արևի երես չէ տեսնում», այլ «քառասունք» է պահում: Նա դուրս է գալիս, երբ արեգակը մայր է մտնում, մութը բավական պատում է, այն ժամանակ կտուրի վրա կամ բակումը կարող է ման գալ, բայց հարևանի տունը գնալ չէ կարող: «Քառասունքն» ունի խորհրդական նշանակություն ծննդաբերության վերաբերությամբ, որը կապված է զանազան սնահավատությունների հետ[1]։ Բայց թեև դա մի կողմից վնասում է կնոջ առողջությանը, մինչև քառասուն օր փակված պահելով տան չորս պատերի մեջ, իսկ

  1. 1 «Քառասունքի» սովորությունն այժմ շատ տեղերում անհետանալու վրա է։