Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարդալ նրա մոտ չեն սովորում, որովհետև խիստ հազիվ է պատահում, որ այդ տեսակ վարժուհիները գրագետ լինեին։ Վարպետուհին և դաստիարակի պաշտոն է կատարում, ծեծում է և պատժում է իր սանիկներին, երբ նկատում է մի անկարգություն։ Ամեն մի այսպիսի վարժուհու մոտ հավաքված են լինում հնգից մինչև տասն կամ ավելի աշակերտուհիներ, որոնց ծնողներից ստանում է նա իբրև վարձ տոն օրերում զանազան ընծաներ։ Այստեղ աղջիկը պատրաստում է այն բոլոր հագուստները և ուրիշ ձեռագործները, որ պսակվելու ժամանակ պետք է օժիտը կազմեին։ Եվ այս պատճառով վարժուհին ստանում է առանձին պարգև փեսայի կողմից, երբ հարսանիքի ժամանակ նորահարսի ձեռագործները հանդեսի էին տրվում և կնիկներից հավանություն էին գտնում։ Վարժուհիները լինում են ըստ մեծի մասին փորձված և հասակ առած կանայք. նրանք շատ անգամ գործելու միջոցին իրանց սանիկների ուշադրությունը զբաղեցնում են հեքիաթներով, առակներով և առածներով. իսկ երբեմն բացատրում են աշակերտուհիներին զբաղեցնող երևույթները, կամ մեկնում են երազներ։ Այս շկոլայից նրանց գլուխները լեցվում են անթիվ նախապաշարմունքներով։ Աղջիկները երթևեկում են վարժուհու մոտ մինչև իրանց մարդի գնալը։ Պատահում է, որ աղջիկներին վարժուհու մոտ չեն ուղարկում. նրանք սովորում են տանը կամ մոր և կամ հարսներից մեկի դաստիարակության ներքո և կամ ոչինչ չեն սովորում։

Չէ կարելի մի քանի խոսք չասել գյուղական օրիորդաց դպրոցների մասին. նրանց երկու տեսակի կարելի է բաժանել. մեկը շատ չէ զանազանվում մեր վերոհիշյալ վարպետուհու դպրոցից, մի կին, որ հազիվ գիտե գրել-կարդալ, հավաքում է իր մոտ աղջիկներ և սկսում է ուսում տալ. նրանք նստած են լինում հատակի վրա, նույնպես շարված վարժուհու բոլորտիքը, կամ խոսում են, կամ կարդում են։ Մյուսը, որ կոչում ենք կանոնավոր դպրոց, ուր աշակերտուհիները երկար նստարանների վրա են սովորում, կավիճով են գրում, ուր վարժուհին միայն հսկող է, իսկ դաս են տալիս վարժապետները — այսպիսի դպրոցներ մի քանի գյուղերում միայն կարելի է գտնել։ Առհասարակ գյուղացին նայում է դպրոցին որպես մի անբարոյականացնող հիմնարկության վրա։ Այս կարծիքին պատճառ է տվել նախ ընտանեական փակ կյանքը, որ չէ ներում հասակ առած աղջկան հրապարակ հանել, երկրորդ, դպրոցում սովորած աղջկա անմիաբանությունն ընտանիքի նահապետական