Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տղամարդերի մոտ սեղմված են և անհամարձակ, մանավանդ կոշտ-կոպիտ մեր «խալֆաների» մոտ, որ պատժական քանոնը ձեռքից չեն գցում, չնայելով, որ քնքուշ սեռի հետ գործ ունեն։ Ես դեռ մի օրիորդաց դպրոց եմ ճանաչում, ուր նախակրթարանի մեջ միայն աղջիկները տղաների հետ խառն են սովորում, բայց բարձր դասարաններում բաժանվում են։ Ցանկալի կլիներ, որ բոլոր գյուղական դպրոցներում աղջիկները և տղաները միասին սովորեին. դա երկու օգուտ կունենար առաջինը, որ ժողովուրդը փոխանակ երկու դպրոցների կպահեր մեկը միայն և ազատ կմնար ավելորդ ծախսերից, իսկ երկրորդը, աղջիկները և տղաները միասին սովորելով, կընտելանային միմյանց, այսպիսով կ’կազմվեր նրանց մեջ քույր-եղբայրությունը, կլինեին մեկ ընտանիքի-դպրոցի զավակներ, և դա միայն կարող է փշրել մեր մեջ տիրող հին նախապաշարմունքի կապանքը, որ աղջկանից պատրաստում է կանանոցի գերի և խլում է նրանց տղամարդի հասարակությունից։ Եվ այս տեսակ խառն երկսեռ դպրոցներն ավելի լավ կլիներ, որ կանանց ձեռքը հանձնվեին։ Մեր գյուղերում բարոյականության դեմ ամենևին վտանգ չէ կարելի սպասել դպրոցների հիշյալ կազմակերպությունից, որովհետև թե՛ աշակերտները և թե՛ աշակերտուհիները շատ փոքրիկներ են լինում, բացի դրանից, գյուղական երեխաներն ավելի անմեղ և համեստ են լինում, քան թե քաղաքացիները։

Խոսենք այն ժամանակի մասին, երբ ծնողքը փոքրիկ աղջկան դուրս են տանում դպրոցից, կամ վերև հիշած վարժապետուհու տնից։ Դա նրա հասակի փոթորկային ժամանակն է։ Աղջիկն այժմ 13-14 տարեկան է։ Այդ տարիներում հասունանում է նա և մենակ տնից դուրս չեն թողնում։ Նա գնում է այգին, պարտեզը, դաշտը մոր հետ միասին, կամ տան հարսներից մեկի հետ։ Միշտ երկու հսկող աչքեր անպակաս են նրա մոտից։ Նա գնում է աղբյուրից ջուր բերելու հարևանների աղջիկների հետ. մի քանիսը միայն հավաքվում են և խումբ են կազմում, դրա համար որոշված են վաղ առավոտյան և երեկոյան պահերը, երբ փողոցները դատարկ էին մարդիկներից։ Հսկողությունը թեև կատարվում է խստությամբ, բայց աղջիկը չէ նեղանում, և ոչ կարող է երևակայել, թե դա անվայելուչ էր։ Նա այնպես համոզված է, թե այլ կերպ լինել անկարելի էր, թե իր հասակում անպատշաճ էր աղջկան մինակ տնից դուրս գալ կամ հեռու տեղ գնալ, և անտրտունջ խոնարհվում է