Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սովորության առջև։ Աղջիկը միշտ իրան այն դալար ծառի դրության մեջ է զգում, որ առանց նեցուկի իսկույն ցած կընկնի։

Բայց կան գյուղեր, ուր համեմատաբար արձակ է կյանքը, այսուամենայնիվ չենք տեսնի հասակ առած աղջկան մինակ դաշտումը, բացառությունները շատ աննշան են։

Իսկ ինչ որ վերաբերում է ընտանեական կրթությանը, նա միանգամայն պայմանավորվում է աղջկա ապագայի հետ — նրանց նախապատրաստում են մի կրավորական էակ, որպիսին պետք էր մի նահապետական գերդաստանի անդամ լինելու համար։ Հնազանդությունը, լռությունը, ամոթխածությունը և պարկեշտությունը նրա վարքի անպայման օրենքներն են։ Նա տնեցիների հետ շատ սակավ է խոսում, իսկ օտարների հետ ամենևին չէ խոսում։ «Այնքան լավ աղջիկ է, որ միսը կտրես, ձայն չի հանի» — դա ամենամեծ գովասանքն է նրա բարքի մասին։ Բոլորովին չինեյական տպավորություն է գործում, երբ հանդիպում ես գյուղացի աղջկան մինակ կամ մոր հետ փողոցում գնալիս, նա աչքերը գցած ունի դեպի գետին, մարդի երեսին ուղիղ չէ նայում, այլ մի կողմ է քաշվում, կանգնում է, խորին կերպով գլուխ է տալիս, և սպասում է մինչև տղամարդն անցնի։ Փույթ չէ, եթե նա անծանոթ մարդ լիներ։ Այսպես վարվում են և ամենափոքրիկները և հասակավոր կնիկները։ Մի գյուղում ինձ պատմեցին, թե աղջիկներն ու կնիկներն առաջ ավելի համեստ էին, երբ փողոցում տղամարդիկ հանդիպում էին, բացի գլուխ տալը, մոտենում էին և նրա ձեռքը համբուրում էին։ Այդ արդեն չափից դուրս է, որ մեր պարտավորությունը նրանք կատարեին։

Աղջիկից շատ սակավ են պահանջում դրսի գործերը, նա ավելի աշխատում է տնային տնտեսության մեջ, կամ որպես ասում են, պտտվում է «օջախի» չորս կողմը։ Այդ բանի մեջ նա հլու սպասուհի է. նրան միայն հրամայում են «այս բե՛ր» և «այն տա՛ր». իսկ միջամտություն գործել կերակուրների պատրաստության մեջ, նա չէ կարող, այդ իրավունքը պատկանում է հասակավոր կնիկներին։ Գյուղական խոհանոցի ցուցակը բավական ընդարձակ է, քան թե առհասարակ լինում է գյուղերում. բոլոր ուտիսվա կերակուրներն ունեն իրանց համապատասխանող պասվա կերակուրները։ Կանոնավոր տնտեսությունը բավական զարգացած է մեր գյուղերում, և գյուղացին, երբ կարողությունը ներում է, երբեք իր ընտանիքը կամ իր հյուրերին չէ զրկում ճոխ սեղանից, թեև նա միշտ մնում է խնայող։ Տնտեսությունից շատ բան է սովորում աղջիկն ընտանիքի