Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ նկատողական կերպով, և երբեմն նրան թույլ են տալիս պրակտիկաներ անել։ Եթե նա եղել է դպրոցում, հոր տունը դառնալուց հետո գրքերը ծալում է և մի կողմ է դնում, բայց կարը, ձևը, հյուսելը նա շարունակում է ավելի եռանդով։

Ես դառնում եմ դեպի բարոյականությունը։ Երբ աղջկա հասակը տասնից անցնում է, նա սկսում է իր վրա մտածել, երբ տնից դուրս է գալիս` մազերը սանրված են լինում, աչքերը սուրմայած, նա բավական մաքուր հագնված և լվացված է լինում։ Բայց անձնատուր լինել կրքերի, նա երբեք չէ կարող։ Կյանքը սաստիկ անազատ է։ Աղջիկը կամ միշտ տանն է լինում, կամ եթե թույլ են տալիս դուրս գալ, նա առանց հսկողության չէ։ Այսպիսի պայմաններում, հասկանալի է, որ նա միջոց չի ունենա տղաների հետ արձակ հարաբերություններ ունենալ։ Ուրիշ ազգերի գյուղերում այսպես չէ. օրինակ, ռուսների մեջ հասակ առած աղջիկները կատարում են շատ դաշտային գործեր. նրանք գնում են խոտհունձ, գնում են արտը խուրձեր հավաքելու, անտառում մինակ սունկ են հավաքում, արածացնում են կովեր և հորթեր, և արձակ դաշտերի կամ անտառների թաքստյան խուլ տեղերում միշտ հանդիպում են տղաների։

Մեր գյուղերում այսպես չէ։ Ընտանեական խիստ պայմաններն աղջկան երկաթի վանդակի մեջ են պահում։ Նա սիրո վրա մտածելու ոչ ժամանակ ունի և ոչ կարող է։ Թեև հասակը և բնազդումը շատ բան ուսուցել են նրան, բայց նա խեղդում է իր կրքերը սրտի մեջ։ Լինում են խիստ հազիվ դեպքեր, որ աղջիկը զոհ է դառնում կրքերի, և եթե նա մայր էր, իր նախատինքը թաքցնում է ինքնասպանությամբ։ Իրան թունավորելը կամ խեղդամահ լինելը հասակ առած աղջիկների մեջ պատահում է երբեմն։

Կյանքի պայմանները չեն մոտեցնում տղաներին և աղջիկներին մեկ-մեկու հետ։ Մեր գյուղերում չէ կարելի տեսնել, որ հասակ առած աղջիկներ խառն տղաների հետ խաղային փողոցներում կամ հրապարակների վրա, և կամ նստած միասին, գյուղական սովորության համեմատ, խոսակցեին տան դռների առջև։ Աղջիկները միշտ խաղում են իրանց սեռակիցների հետ, այն ևս ծածուկ տեղերում, հեռու տղամարդի աչքից։ Եկեղեցին, որ պիտի միացներ նրանց, ենթարկվում է ընտանիքի սովորության պայմաններին, տղամարդերի և կանանց տեղերը որոշված են։ Թողյալ այդ, եկեղեցին հաճախում են պառավները միայն, իսկ աղջիկները և մանկահասակ կիները գյուղերում եկեղեցին գնում են տարվա մեջ մի