Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի անգամ միայն, այսինքն` զատկին, երբ պետք էր հաղորդվել։ Ուրիշ հասարակական հանդեսներ չկան։ Երկու դեպքում միայն աղջիկները և տղաները կարող են տեսնել միմյանց, մեկը հարսանիքներում, մյուսը, եկեղեցիների տոնախմբության, կամ ուխտագնացությունների ժամանակ։ Երկուսն էլ շատ նման են միմյանց` թե հարսանիքը և թե եկեղեցու տոնախմբությունը։ Ածում են, երգում են, պար են գալիս — կյանքը փոքր-ինչ արձակ շրջանակի մեջ է մտնում։ Բայց այդ դեպքերում ևս աղջիկը դարձյալ ազատ չէ. նա կարող է պար բռնել, երգել միայն իր ազգականների կամ մերձավոր բարեկամների հետ։ Աղջիկն այն ազատությունն է վայելում միայն, որ դեռ կին չդարձած, նրա երեսը չէ ծածկվում քողով, նրա աչքերը բաց են, կարող է նայել մեկի վրա, և կարող են ուրիշները տեսնել նրա դեմքը։ Այդ հնար է տալիս տղային գողանալ նրա դեմքից մի ծածուկ հայացք, մի ժպիտ... և իսկույն կազմվում է լուռ սիրահարությունը, թեև խիստ սակավ է պատահում, որ նրանք այնուհետև բախտ ունենային մյուս անգամ հանդիպել միմյանց, կամ պսակվել։

Վեպերում կարելի է տեսնել մեր գյուղական աղջիկների սիրահարությունները, բայց կյանքի մեջ դա սակավ է պատահում։ Եվ եթե լինում են դեպքեր, գործը վերջանում է առևանգությունով, այսինքն տղայի` աղջկան հոր տնից գողանալով, և առանց ծնողների կամքի, պսակվելով։ Այսպիսի հանգամանքներում ժողովրդական րոմանտիզմը խիստ խստությամբ է վերաբերվում դեպի սերը. — սիրահարների վարքը կծու պարսավներով երգվում է ժողովրդի բերանում։

Գյուղերում ամուսնությունները կատարվում են հաշիվներով։ Պսակվողների բախտը կարգադրում են ծնողները, որպես ցանկանում են։ Աղջկա և տղայի զգացմունքը տեղիք չունի գործի մեջ։ Պսակները լինում են միշտ հավասարը հավասարի հետ (կարողության կողմից) և ավելի աղջկա ծնողքը աշխատում են, որ իրանց զավակը մեծ տան հարս լինի։ Այսուամենայնիվ, այդ ցանկությունը մնում է լուռ, ամոթ կհամարվեր, եթե աղջկա ընտանիքի կողմից առաջարկություն լիներ։ Բանակցությունն սկսվում է փեսայի հոր կողմից զանազան պատգամավորների միջոցով, և աղջկա հայրը մինչև համաձայնելը իրանից բավական խնդրել է տալիս։ Ամուսնությունները կատարվում են առհասարակ մինչև 15 տարեկան հասակը։ Գյուղերում հազիվ կարելի է տեսնել 18-20 տարեկան աղջիկներ, և եթե կային այսպիսիներ, անպատճառ նրանք խուլ ու