Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդունելության ծեսերն կատարվելեն հետո, Շահը հրամայեց նույն հանդիսի պատկերը նկարել ապարանքի դահլիճի պատի վերա, որո մեջ առաջին տեղը բռնում է իշխան Ալեքսանդրի պատկերը[1]։

Երբ սկսվեցավ Պարսից և Ռուսաց պատերազմը, իշխան Ալեքսանդրը առանձին զորախմբով, որ կազմված էր պարսիկ, ղիզիլբաշ զինվորներից, և յուր հետ ունեցած ազնվական վրացի զորապետներից, Տաճկաստանի-Քուրդիստանի կողմից, օգնում էր պարսիկներին։ Բայց, երբ նա լսեց Ռուսաց զորքերի հաղթությունը, նոցա Արաքսից անցնելը, Խոյ, Սալմաստ, Ուրմի և Թաբրիզ քաղաքների առնվելը, նա բոլորովին հուսահատվեցավ, նորա զինվորներն ցրվեցան, և ինքը մի քանի յուր հավատարիմներով դարձավ Տաճկաստանի Վան քաղաքը, ուր նա սպասում էր պատերազմի վերջին։

Թուրքմենչայի հաղթությունից հետո, երբ Ռուսաց զորքերը թողեցին Ատրպատականը, մի քանի ամիս անցնելով իշխան Ալեքսանդրը դարձավ Խոսրովիա։ Բայց նա չգտավ այնտեղ յուր վրացիքը, նոքա Ռուսաց զորքերի հետ գաղթել էին դեպի Կովկաս։

Իշխան Ալեքսանդրի վիճակը այնուհետև նախանձելի չէր։ Գլխավորապես այն պատճառավ, որ Շահի առաջին վեզիրը, Հաջի-Միրզա-Աղասին, այդ բնավորությամբ դերվիշ և մոլլայի կրթությամբ մոլեռանդը, որ յուր գուշակություններով կարողացել էր գրավել սնահավատ Շահի անչափ համակրությունը յուր գերբնական գիտության մասին — այդ վեզիրը սկսավ վատ վարվել իշխան Ալեքսանդրի հետ։ Նա կտրեց իշխանի հասույթները, որ ստանում էր կառավարությունից, և հետզհետե խլել նորանից Շահի նորան պարգևած գյուղորայքը։

Իշ. Ալեքսանդրը յուր հույսը կտրեց պարսիկներից, այն հույսը, որո մեջ խաղում էին նորա քաղաքական երևակայությունների երազները...

Բայց նորա գլխում հղացավ մի նոր երևակայություն։

Կովկասի վայրենի լեռնաբնակների քաջություններով միշտ հրապուրված իշխանը, Սալմաստա սահմանակից Քուրդիստանի լեռներում, Ջուլամերիկում, գտավ մի վայրենի ազգ, նույնպես քաջ պատերազմող և հանդուգն։

Այդ ազգը կրոնքով նեստորական, կոչվում էր Ջուլո, մի հին

  1. Այդ պատկերը Նիգարիստանի ապարանքում մնում է մինչև այսօր