Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես նպատակ չունեմ պաշտպանել այն միտքը, թե հարեմական դրությունը կարող էր բարոյականություն պահպանել։ Բայց միևնույն ժամանակ պետք է նկատել, որ սիրահարությունների համար բավական ժամանակ և ազատություն հարկավոր է, որոնցից զուրկ է գյուղացի կինը։ Հոգնած և միշտ աշխատող մարմինը հեշտասիրություն չէ զգում¹: Գյուղերում կինն այնքան սեղմված է, որ ոչինչ ծածուկ չէ մնում։ Կնոջ մի համարձակ նայվածքը, մի բառը օտար տղամարդի հետ, իսկույն բամբասանքի առարկա է դառնում։ Ամուսնական անհավատարմությունը խիստ հազվագյուտ է գյուղերում, և եթե լինում են օրինակներ, պատժվում են մահով. խանդոտ տղամարդը ծածուկ կամ հայտնի սպանում է նրան, և հասարակաց կարծիքն արդարացնում է այդ եղեռնագործությունը։ Իսկ եթե ամուսինը համբերում է կնոջ անառակությունը, նրա ընտանիքը դուրս է ձգվում գյուղական հասարակությունից։ Դրանք զետեղվում են քաղաքներում։ Պետք է հիշել և այն, որ գյուղացի կինը սիրել չգիտե, նա միշտ երկու ծայրերի վրա է կանգնում, կամ լինում է հասարակաց կին, կամ իր ամուսնի կինը — սիրականներ պահելու նա ոչ շնորհք և ոչ հարմարություն ունի։ Նրա հարաբերություններն իր տղամարդի հետ նույնպես չէ կարելի ասել, թե սիրային բնավորություն ունեն.— որպես նրա ձեռքերը կոշտացել են աշխատության մեջ, այնպես էլ սիրտը կորցրել է իր զգայականությունը։ Դուք չեք տեսնի գյուղացի կնկան, որ նա մինչև անգամ իր շատ մերձավոր բարեկամուհիների մոտ խոսեր ամուսնի վրա։ Երբ նրա մասին խոսք է բացվում, կինը համարձակություն չունի նրա անունն անգամ բացարձակ կերպով արտասանելու, այլ միշտ գործ է ածում «նա» դերանունը, կամ այսպիսի խոսք՝ «Ստեփանի հայրը», դրանով հասկանում են, որ իր մարդուն է ակնարկում, որովհետև Ստեփանը նրա որդին է։

Բայց պետք է նկատել և այն, որ բարքերի մաքրությունն առավելապես պահպանվում է այն գյուղերում, որոնք հեռու են քաղաքներից և որոնք մեծ ճանապարհների վրա դրված չեն։ Օտար ազգերը մտցրին մեր գյուղերում և օտար մոլություններ, որոնք առաջ ծանոթ չէին։ Այն օրից, որ գյուղերում հայտնվեցան գինեվաճառի դուքանները, անբարոյականության ժանտախտը տարածվել սկսեց, թեև ոչ ոք չէ տեսել, որ գյուղացի կինը մտներ դուքանը

———————————————

1 Բացի դրանից, ընտանիքն այնպիսի խիստ բարոյական և հաստատուն հիմունքների վրա է կազմված, որ կինը չէր կարող թեթև վարքի տեր լինել: