Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խմելու համար, կամ արբած ընկած լիներ փողոցում։ Բայց դուքանները քաշում են դեպի գյուղերը այնպիսի օտար և խորթ հասարակություն, որոնցից մեր կանայք լավ բան սովորել չէին կարող... Եվ այդ անբարոյականացնող հիմնարկությունները լինում են միայն մեծ ճանապարհների վրա եղած գյուղերում։

Ես եղել եմ Պարսկաստանում և Տաճկաստանում, այնտեղի գյուղացի հայ կանայք համեմատաբար ավելի բարոյական են, քան թե այստեղինները։ Ի՞նչով մեկնել այս երևույթը։ Իմ կարծիքով ուրիշ պատճառ չկա, քան թե այն, որ այնտեղ հայը կարողանում է պահպանել ընտանեկան մաքրությունն իր վաղեմի սրբության մեջ, թեև լինում են մահմեդականների կողմից առևանգություններ, բռնաբարություններ, բայց այդ դեպքերն ավելի առիթ են տալիս պահպանելու կնոջ անմատչելիությունը։ Բռնությունն առաջ է բերում ինքնապահպանություն, իսկ վտանգավոր է այն ազատությունը, որ իր հետ բերում է բարքերի ապականություն։ Այստեղ այդ կրիզիսի մեջն է գտնվում հասարակությունը։

Ես այժմ դառնում եմ դեպի կնոջ աշխատությունը, թե ինչով է օգնում նա տղամարդին գյուղատնտեսական գործերում։ Նորահարսի աշխատություններն ավելի թեթև են լինում, համեմատելով հասակ առած կնիկների աշխատության հետ։ Պառավ սկեսուրները նրանց շատ չեն նեղացնում դրսի գործերով և ավելի բանեցնում են տնային տնտեսության մեջ։ Այդ առաջ է գալիս մասամբ այն սովորությունից, որ մանկահասակ հարսին իսկույն դուրս թողնելը կարող էր վնասակար ազդեցություն ունենալ նրա վարքի վրա։ Այսուամենայնիվ, կանանց աշխատություններն ամեն տեղ միևնույնը չեն, նրանք փոխվում են, նայելով տեղային պահանջներին։ Այն գյուղերում, ուր բամբակի մշակություն կա, օրինակ, Երևանի նահանգում, կնիկները բոլորովին խեղդված են աշխատություններով, բամբակի մշակության մեծ մասը նրանց վրա է, «քաղհան» են անում, հավաքում են հասունացած կոզակները, մաքրում են բամբակը կեղևից և կորիզներից, նրանից թել են մանում և այլն։ Այն գյուղերում, ուր այգեգործությունը զարգացած է, կնիկները դարձյալ շատ գործ ունեն. պտուղներ հավաքելը, չորացնելը, խաղողի քաղելը, բոլորը նրանց գործն է։ Ագարակային բերքերի, պարտեզների, բանջարանոցների մշակությունը նույնպես կնոջ գործ է։ Կինը չէ մասնակցում միայն մանգաղի, բահի և արորի գործածության մեջ։ Տեղերի հարմարության համեմատ կնոջ աշխատությունն ավելի բարդվում է և բազմատեսակ է դառնում։ Մեր գյուղացին