Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քշել տան ծածկի տակ, բայց այստեղ ևս անգործ չէ մնում։ Այսպիսի շարժուն գործունեությունը նրան ետ է պահում շատ մոլություններից և անձնատուր չէ լինում արաղի և արբեցության։ Խնայողությունը, ապագայի հոգսը, որպես ամեն հայ մարդու, նույնպես և գյուղացու տնտեսության հատկանիշն է։ Բայց զարմանալի տարբերություն է տեսնվում Վրաստանի հայ գյուղացիների և նրանց մեջ, որ մի ժամանակ պարսից տիրապետության ներքո են եղել. առաջինների մեջ նշմարվում է վրացու ծուլությունը և անհոգությունը, թեև համեմատաբար դարձյալ բարձր են վրացուց։

Ճորտությունը խլում է գյուղացուց աշխատության եռանդը, նրա ինքնագործունեությունը, և միևնույն ժամանակ փչացնում ընտանիքի բարոյականությունը։ Ճորտությունը պատրաստում է գյուղացուց անասուն իր կատարյալ նշանակությամբ։ Այդ նշանները դեռ մնում են թե վրացի և թե ռուս գյուղացու վրա։ Բայց հայը ոչ մի ազգի տիրապետության ժամանակ ճորտ չէ եղել, և այդ է պատճառը, որ նա համեմատաբար ավելի շատ է զարգացել ինքնագործունեության մեջ։ Մեր գյուղացի կինը գիտե արհեստագործել մինչև անգամ տնտեսական այն անհրաժեշտ պիտույքները, որ ուրիշ երկրներում ստացվում են գործարաններից, օրինակ, պանիր մակարդել, սապոն պատրաստել, մոմ թափել, միս ապխտել, մեղուներ խնամել և այլն։ Նա ծանոթ է մի քանի ներկերի հետ, որ ստանում են հանքերից, արմատներից և բույսերից։ Նա ծանոթ է մի քանի բժշկական դեղերի և հնարների հետ, և հարկավորված ժամանակ ինքն է հոգ տանում զավակների հիվանդությանը։ Բայց պետք չէ մոռանալ և այն, որ զանազան խուլ տեղերում, այսինքն ճանապարհների հաղորդակցությունից դուրս, տակավին հանդիպում են գյուղեր, որոնց մեջ կյանքը դեռ գտնվում է եթե չասենք իր նախնական վիճակի մեջ, բայց կրում է խորին նահապետական կերպարանք։ Մարդիկ բնակվում են Քսենոփոնի նկարագրած գետնափորերի մեջ։ Բայց դրանք այլևս գազաններ չեն. ուտում են հաց և մարմինները ծածկված են ըստ մեծի մասին իրանց ձեռքով արհեստագործած հագուստներով. շատերը նրանցից սեփականության տերեր են։

Այժմ ես դառնում եմ դեպի գեղջկուհու մտավոր զարգացումը։ Ընթերցողը թող հիշե այս հետազոտության սկզբում դրած փոքրիկ նկարագիրը, որ պատկերացնում էր գյուղական ընտանիքի կազմակերպությունը։ Կինը հպատակում է տղամարդին անպայման հնազանդությամբ, իսկ ընտանիքի բոլոր անդամները խոնարհվում