Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են գերդաստանի երեցների առջև։ Կնոջ դերը բոլորովին կրավորական է, իսկ տղամարդինը — ներգործական։ Այդ դեպքում հասկանալի է, որ կինը չէր կարող ազդող լինել և փափկացնել տղամարդի բարքի կոշտությունը։ Տղամարդը միշտ իրան բարձր է դնում կնկանից, և միշտ այն համոզմունքն ունի, թե «կնկա ծամը երկայն է, բայց խելքը — կարճ»։ Տղամարդը կատարյալ տեր է, իսկ կինը հպատակ։ Այսուամենայնիվ, նա չէ ծեծում կնկան. — ծեծը և կռիվն առաջ են գալիս ավելի այն ժամանակ, երբ կինը իրան հավասար աստիճանի մեջ է դնում տղամարդի հետ։ Ընտանիքի կազմակերպությունը, որ ենթարկում է կնոջն անպայման հնազանդության, որ խլում է նրանից ամեն ազատություն, որ ստիպեցնում է կուրորեն հետևել բոլոր ընդունված ծեսերին և սովորություններին — մի այսպիսի խիստ միապետական կազմակերպությունը անկարելի է որ չհասցներ կնոջը միակողմանիության, անշարժության և վերջապես — բթամտության։ Ավելացնենք աշխատությունը, անդադար և միակերպ աշխատությունը, որ շինում է կնկանից մի մեքենա, մի ողորմելի կրավորական էակ, — այն ժամանակ կպարզվի նրա մտավոր վիճակը։ Ամեն մի կին իր մոր շարունակությունն է. նա անփոփոխ ավանդում է իր հաջորդին այն, ինչ որ ստացել էր մորից։ Կնոջ խելքը և միտքը այսպիսի պայմաններում զարգանալ կարող չէ։ Անընդհատ և դժնդակ աշխատությունը, բացի խելքից, չէր կարող չազդել գյուղացի կնոջ և մարմնական կազմվածքի վրա։ Նա խիստ շուտով է կորցնում իր թարմությունը. դեռ երեսուն չհասած, նա արդեն պառավել է։ Եվ ի՞նչն է ստիպում նրան պահպանել իր կանացիությունը. ամուսին այրը գործ է պահանջում և ոչ գեղեցկություն։ Խիստ սակավ կարելի է տեսնել, որ մինչև անգամ բավական կարողություն ունեցող տան կինը լավ հագնված լիներ։ Առհասարակ այն կինը, որ իրան մաքուր է պահում և լվացվում է, համարվում է կասկածավոր։ Մինչև այսօր գյուղերում կոշիկներն ընդունված են որպես զարդ և ոչ ոտնամաններ։ Մոտեցեք գյուղացի կնոջը, իսկույն ձեր քթին կխփե մի վատ հոտ։ Ի՞նչից է այդ։ Ամեն օր թոնիրը վառում են կերակուրի և հաց թխելու համար, ամեն օր ամբողջ տունը լցվում է աթարի կծու ծխով և մխով։ Խեղճ կինն այդ ծուխի մեջ ապուխտ է դառնում։ Հայ կնոջ աչքերը, որ բնությունից այնքան գեղեցիկ են, բոլորովին փչանում են ծխի և փոշու մեջ և դուք շատ սակավ կտեսնեք առողջ աչքեր։ Ծանր աշխատության և ընտանիքի ճնշման ներքո, կինը բոլորովին կորցնում է իր ուրախությունը. նրա երեսին