Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցեղ ասորիներից, որք օգուտ քաղելով յուրյանց լեռների դժվարմատչելի դրությունից, ժամանակի խորին հնությունից պահպանում էին յուրյանց անկախությունը։ Նորանց կառավարում էր յուրյանց եկեղեցական գլուխը, յուրյանց պատրիարքը, որ կոչվում էր Մար-Շիմոն (տեր Սիմոն), որդոց որդի ժառանգաբար տիրում էր գուցե սուրբ Սիմոնի գահին, միշտ յուրյանց վերա կրելով Շիմոն անունը։

Մար-Շիմոնը էր նույնը Ջուլամերիկում, ինչ որ Շամիլն էր Դաղիստանում, այսինքն` նա էր և՛ հոգևոր, և՛ մարմնավոր գլուխը յուր ժողովրդի, նա Քրիստոսի խաչի հետ կրում էր և պատերազմական սուրը։

Իշ. Ալեքսանդրը մտածեց կցել մի բարեկամական կապ Մար-Շիմոնի հետ, գուցե օգուտ քաղեր նորա բազմաթիվ պատերազմող ջուլոներեն։ Եվ այդ նպատակավ իշխանը պսակվեցավ Մար-Շիմոնի եղբոր, երեխայությունից կուսակրոնություն ուխտած դստեր հետ։

Բայց իշխանի նպատակները չպսակվեցան։ Որովհետև, երբ նա վերջին անգամ գնաց Թեհրան, մահը այնտեղ վախճան տվեց նորա բոլոր երևակայական նպատակներին... Նա մեռավ հետին աղքատության մեջ։

Նորա վերջին կտակը եղավ այն, որ յուր մարմինը տարվի Վրաստան, և այդ պատճառավ նորա դագաղը երկար անթաղ դրված էր Թեհրանի Շահ-Աբդուլ-Ազիմի ղերվազայի հայոց եկեղեցումը: Բայց կտակը չկատարվեցավ։ Եվ Յագուբ խանը նույն եկեղեցու գավիթում, դռան հանդեպ թաղեց իշխանի մարմինը։

Թեհրանում շատ քիչ մարդիկ գիտեն, թե հայոց եկեղեցվո դռանը դրած այն փառազուրկ և աննշան գերեզմանը ամփոփում էր յուր մեջ վրաց սպառված իշխանության վերջին նշույլները։

ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅԵՐԻ ՄԵՋ

Հայերը, կորցնելով յուրյանց քաղաքական նշանակությունը, ենթարկվում են մահմեդական ազգերի իշխանության ներքո։ Նորա հայրենական հողը դառնում է օտարների կալվածք, իսկ իրանք նույն կալվածատիրոջ ստրուկները։