Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշխատում են շուտ ազատվել այդ բեռնից։ Այս պատճառով, աղջկա մահը շատ անգամ հանդիպում է ծնողների ներքին հոժարությանը, որ թեթևացնում է նրանց մի մեծ հոգսից։ Գյուղացիները բախտավոր են այդ մասին. այնտեղ փեսայի հորից փող են ստանում։ Վատն այն է, որ աղջկան թույլ չեն տալիս ինքն իր ապագան տնօրինելու. նա գուցե կգտներ մեկին, կընկներ նրա գիրկը, և առանց ծնողներին ծախսեր պատճառելու, կպսակվեր նրա հետ։ Այս պայմանում ևս հոր և մոր կամքը գերակշռություն ունի. նրանք պետք է տնօրինեն աղջկա բախտը, նրանք պետք է գտնեն իրանց հավանած և սրտի ուզած մի փեսա։ Բայց աղջկան «իրանց սրտի ուզած» մարդուն տալու համար փող պետք է. առհասարակ արհեստավորները փող չեն ունենում։ Նրանք կամ պետք է պարտք անեն օժիտ պատրաստելու համար, կամ պետք է աղջկան գցեն առաջին հանդիպող անպիտանի ձեռքը, եթե նա սակավ փող էր պահանջում։ Ըստ մեծի մասին պատահում է վերջինը։ Սերն ամենևին դեր չէ խաղում արհեստավորների ամուսնության մեջ. և ո՞րտեղ կարելի էր սիրել, երբ աղջիկները տղաների հետ բնավ չեն տեսնվում։ Չարսավների սովորությունը դեռ ոչ բոլորովին վերացել է գավառական քաղաքներից. աղջիկը տնից դուրս է գալիս ոտքից ցգլուխ ծածկված սպիտակ սփածանելիների մեջ։ Արհեստավորի աղջիկը տալիս են արհեստավորի տղային. շատ անգամ նա պսակվում է իր հոր աշկերտի հետ, եթե այդ վերջինը դուր էր եկել իր վարպետին, կամ խոստանում էր լավ ապագա։ Խիստ սակավ է պատահում, որ նա պսակվեր մանր վաճառականի հետ։ Աղջիկը տեսնում է իր փեսային այն օրը, երբ նրան տարել էին եկեղեցի պսակելու, այնտեղ միայն քահանան ձևի համար հարցնում է նրա հոժարությունը, արդյոք սիրո՞ւմ էր իր փեսային, արդյոք համաձա՞յն էր կին լինելու... Աղջիկը ոչինչ չէ պատասխանում, միայն հավանական շարժում է անում գլխով։ Բայց եթե նա չգիտեր այդ, կամ առաջուց չէին սովորեցրել, մի կին ետևից նրա գլուխը ձեռքով դեպի ցած է խոնարհեցնում, որ նշանակում է «այո՛»... «համաձայն եմ»։

Կին լինելուց հետո նրա վիճակն ավելի վատթարանում է. նա միանգամայն կորցնում է և այն փոքրիկ ազատությունը, որ վայելում էր առաջ։ Գավառական քաղաքներում, ավելի ժողովրդի ստոր և միջին դասերի մեջ, կնոջ պահպանությունը դեռ կրում է իր վրա շատ հարեմական առանձնություններ. նրա վրա ավելի խիստ են հսկում, քան թե գյուղերում, ուր տնտեսական աշխատությունները