Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ անգամ նրան տունից դուրս են կոչում արտը, այգին, կամ դաշտում բանելու, որտեղ նա գոնյա արձակ աշխարհ է տեսնում։ Բայց այստեղ կնոջ աշխարհը փակված է տան պատերի մեջ, և ոչ ոքի հետ հարաբերություն չունի։ Նա ապրում է բանտի մեջ, կամ ավելի փափուկ լեզվով խոսելով, որպես մի ծաղիկ թառամում է ապակյա գրվանի ներքո, առանց լույսի և առանց օդի։ Եվ իրավ, դուք չեք տեսնի մի կին արհեստավորների մեջ, որ երեսին գույն ունենար, նա միշտ դեղնած է լինում, շրթունքները ցամաքած, որպես տենդոտ, և աչքերը մարած։ Հասարակաց զբոսանքի և զվարճության տեղերը, եթե կային այսպիսիները գավառական քաղաքներում, դեռ մատչելի չեն ժողովրդի աղքատ դասին. արհեստավորն իր կնոջը բաց չէ թողնում հաճախել այնպիսի տեղեր, որոնք իր կարծիքով անառակների համար են։ Կինը մաշվում է տան մեջ. նրա մեծ զվարճությունն այն է, որ երբեմն նստում է լուսամուտի առջև և նայում է փողոցի անցուդարձին. բայց փողոցի վրա բաց արած լուսամուտներ բոլոր տները չունեն։ Նա տեսնվում է խիստ հազիվ անգամ մերձավոր ազգականների հետ. կյանքը շատ առանձնացած է, որովհետև բարեկամների հետ հարաբերություն պահպանելը պահանջում է ծախսեր, պետք է մի բանով գոհացնել հյուրերին։

Ընտանիքի կազմակերպությունը և նրա սովորությունները համարյա նույնն են, որպես գյուղերում, միայն այստեղ ավելի որոշ ձև են ստացել։ Նույնպես գերդաստանի հայրը բարձր հեղինակություն ունի, նույնպես կինը ստորադրվում է իր տղամարդին ամենայն հնազանդությամբ, նույնպես օտար տղամարդի հետ չէ խոսում նա և ոչ երևում է մի ուրիշ մարդու աչքին։ Իր ամուսնի հետ տեսնվում է նա միայն գիշերով, երբ վերադառնում է նա խանութից բոլորովին հոգնած և շուտով պառկում է հանգստանալու։ Մի բան կարող էր նրան մոլորեցնել ուղիղ ճանապարհից, այն է, տարածվող շռայլությունը, որ սկսել է մուտք գործել և արհեստավորի համեստ խրճիթում։ Բայց շահվել ուրիշից իր պաճուճանքի և զարդարանքի համար նա չէ կարող, որովհետև մի ավելորդ բան նրա վրա, որ ամուսնի գնածը չէր, իսկույն կարող էր նկատելի լինել մարդու աչքին։ Գավառական քաղաքներում յուրաքանչյուր ընտանիքի առանձին տուն ունենալը, և մի ամբողջ տան մեջ միմիայն մեկ ընտանիքի բնակվելը բավական պահպանում է կնոջ բարոյականությունը։ Առհասարակ նկատված է, կինը ավելի շուտ է փչանում այն ժամանակ, երբ բազմաթիվ ընտանիքներ ածած են միմյանց