Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին այդ պատահում է... Աղքատությունը սարսափելի զոհեր է տանում։

Արհեստավորի կնոջ վիճակը բարձրացնելու համար և նրա ապրուստն ապահովելու համար այնքան պետք չէ ուսումը, որը ոչինչով նրան հաց տալ չէ կարող, որքան պետք է սովորեցնել մի արհեստ, որ նրանով ապրել կարողանար։ Այդ միայն կարող է բարձրացնել կնոջ վիճակը և նրան հավասար աստիճանի վրա դնել տղամարդի հետ։ Երբ կինը ազատ պարապմունք ունի, երբ նա էլ իր կողմից օգնում է ընտանիքին, այսպիսով նա կախում չի ունենա տղամարդից, և կգցե իր վզից նրա բռնության կոպիտ լուծը։ Տղամարդն էլ իր կողմից կունենա դեպի նա, բացի սերից, մի առանձին պատիվ, երբ կգտնի նրա մեջ մի լավ աշխատակից: Այսպիսի կինը միշտ ազատ կմնա այն ախտից, որի մեջ գցում է նրան աղքատությունն ամուսնի մահից հետո․ նա կարող կլինի արդար և ազնիվ կերպով հայթայթել իր հացը։ Բացի դրանից, երբ կինը մի բան գիտե, երբ նա ունի իր մեջ կենդանի կապիտալ, այն ժամանակ նա կարոտություն չի ունենա մեռած կապիտալով-օժիտով իր համար փեսա գնել, ամեն մարդ կցանկանա իր վիճակը մի այնպիսի ընկերուհու հետ կապել։ Բայց արհեստավորի կնոջն իր այժմյան վշտալի դրությունից ազատելու համար, նախ և առաջ պետք է փոխել հասարակական հիմար նախապաշարմունքները, և պետք է նրան դուրս քաշել ընտանիքի փակված շրջանից։

Բ

Մինչև այստեղ ինչ որ խոսվեցավ արհեստավորների մասին, վերաբերում էր գավառներին միայն, բայց չէ կարելի մի քանի խոսք չասել և Թիֆլիսի արհեստավորների կանանց մասին, ուր կյանքը և նրա պահանջները բոլորովին տարբերվում են, ուր կինն այն չէ, ինչ որ է գավառներում։

Թիֆլիսը, որպես Կովկասի քաղաքակրթության կենտրոն, միևնույն ժամանակ է և մոլության կենտրոն, այստեղ դարբնվում են ամեն տեսակ ախտեր և տարածվում են դեպի գավառները։ Այդ փոքրիկ քաղաքը ներկայացնում է մի ամբողջ Բաբելոն, ուր Եվրոպան, Ասիան և Կովկասն իր վայրենիներով—բոլորը զետեղված միասին, ներկայացնում են մի զարմանալի խառնափնթորություն։ Տիպերի բազմատեսակությունն առաջ է բերում բնավորությունների