Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրում է գրքերով լի պայուսակ, խառնում է իր մայրենի լեզվի հետ օտարազգի բառեր, և ավարտելուց հետո, որպես ուսյալ և լուսավորված, իրավունք կունենա փոխանակ «թավսակրավիի» իր գլխին ծածկել «շլյապա»։

Ես վեր առեցի խիստ մասնավոր օրինակ, արհեստավորների կամ մանրավաճառների աղջիկների մեծ մասը դպրոցի երես չեն տեսնում, այլ մեծանում են առանց մի բան սովորելու։ Նրանց կարելի է ճանաչել գլխի ծածկոցներից, թե որն է կրում շլյապա և որը թավսակրավի։ Թե այսպես և թե այնպես, տարբերությունը միայն հագուստի մեջն է, բայց կրթությունով մինը մյուսից չէ որոշվում։

Ահա աղջիկը տասնվեց և տասնյոթն տարեկան է։ Այդ շատ վտանգավոր մի հասակ է։ Նրա վրա հսկում է և մտածում է մայրը միայն. հայրը ուշադրություն չէ դարձնում, և կարելի է ասել, որ թշնամաբար է նայում նրա վրա, որպես մի գող, որ վաղ թե ուշ պետք է նրա տունը կողոպտեր։ Աղջիկը դեռ բավական ամոթխած է և երկչոտ. պետք է «բացել» նրան, աշխարհ մտցնել։ Մայրը առաջնորդում է։ Սկզբում նրան թույլ են տալիս կտուրի վրա, իր հասակակիցների հետ, ածել, «լեզզեվար» պար գալ և «տաշի» խփել։ Հետո մայրը տանում է իր հետ ուր և գնում է, երբեմն բարեկամների մոտ, երբեմն բազարը, երբ պետք է մի նոր հագուստ գնել։ Լինում են և որոշված այցելություններ. օրինակ, շաբաթ երեկոները գնալ Բեթղեհեմ համբուրելու, այս և այն եկեղեցու տոնախմբությանը (օբա) ներկա գտնվել և այլն։ Դրանք մի տեսակ աշխարհահանդեսներ են, ուր աղջիկները դրվում են ցույցի համար։ Երբեմն դուրս են բերում նրան հասարակաց զբոսարանի այգին, բայց թատրոն չեն տանում։ Շատ ծիծաղելի մի հակապատկեր է ներկայանում, երբ տեսնում ես մորը, շատ անգամ փաթաթված սպիտակ «ղադիփի» մեջ, ման է ածում վերջին մոդայի ձևով հագնված աղջկան։ Ցամաք փայտը նեցուկ են տվել դալար տունկին, որ չծռվի։

Տան մեջ աղջիկը բավական համեստ է և գործունյա, նա հագնվում է հասարակ կերպով, գլխին ծածկում է մի թաշկինակ, կամ բոլորովին բաց է թողնում, աշխատում է խոհանոցում և չէ արհամարհում մինչև անգամ լվացք անել։ Այսպես նա բավական սովորում է տնտեսություն։ Մյուս ժամանակներում, կամ կարում է և կամ հյուսում է։ Մոր դաստիարակությունը գլխավորապես կայանում է այն բանի մեջ, որ անընդհատ հսկում է նրա վրա։ Բայց նա այնքան անփորձ չէ, որքան կարծվում է։ Դպրոցում նա բավական