Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան է լսել և սովորել. հարևանի աղջիկներն ամեն գաղտնիք բացատրել են նրան։ Նա միայն ձևանում է, թե ոչինչ չգիտե, և պահում է իրան, որովհետև համոզված է, թե «կոտրած ամանը գին չի ունենա», և պահպանում է իր անարատությունը, մինչև ամուսնությունը կշնորհեր նրան ազատություն։ Շատ անգամ իրանք, մայրերը փչացնում են աղջկան, երբ նրա ներկայությամբ, ուրիշ կնիկների հետ բաց են անում ամենակեղտոտ բամբասանքներ այս և այն աղջկա վարքի մասին։ Ամեն ինչ ներշնչում է նորհաս աղջկա մեջ պսակվելու սաստիկ ցանկություն, բայց նա ակամա թաքցնում է, սպասելով իր դառն ճակատագրին։

Մեծ դժվարություններ կան արհեստավորի և առհասարակ ժողովրդի միջին դասի համար լավ կերպով տնօրինելու աղջկա ապագան։ Ծնողների դժգոհությունը չափը անցնում է։ Հայրը հանդիմանում է աղջկան, թե իր համար պետք է կատարյալ չքավորություն պատճառե, իսկ մայրը պաշտպանում է աղջկան։ Ամեն անգամ, ամեն մի նոր հագուստի գնելը մեծ աղմուկ է բարձրացնում ծնողների մեջ։ Աղջիկը հասկանում է իր վիճակի անտանելիությունը և երբեմն մահը օգնության է կանչում։ Մայրը, որպես կին, ավելի լավ է հասկանում կնոջ պահանջը. որոնում է արժանավոր փեսա, ցանկանում է, որ նա հարուստ լիներ, կամ գոնյա ապահովված դրություն ունենար։ Հայրը ցանկանում է գցել առաջին հանդիպողի ձեռքը, միայն թե ինքն ազատվի։ Ամենից ավելի շտապում են եղբայրները, եթե կային հասած եղբայրներ, որովհետև մտածում են, թե «քույրը նրանց բախտի վրա էր նստել, մինչև նրան գլխից ռադ չանեին, իրանք չէին կարող պսակվել»։ Բայց մայրն ավելի փորձված է. նա աշխատում է ընտրությունների մեջ չսխալվել։ Երբեմն գործի մեջ խառնվում է և սերը։ Բայց նա ոչինչ հետևանք ունենալ չէ կարող, եթե մայրն ավելի գործնական կետից չէ արտահայտում դստեր հոգեկան զգացմունքը։ Երբեմն գործը վերջանում է, բոլորովին հույս դնելով հաջողության վրա։ Հայտնվում է մի անծանոթ, որի ով և ինչ տեղից լինելը հայտնի չէ, և խնդրում է աղջկա ձեռքը։ Ծնողները օգուտ քաղելով այն հանգամանքից, որ դա փող չէ պահանջում, կամ պահանջում է շատ չնչին բան, իսկույն որսում են փեսային։ Այսպիսի ընտրությունները երբեմն վերջանում են սկանդալով, երբ իմացվում է, թե նորափեսան մի քանի տեղերում պսակված է եղել…

Թե այսպես և թե այնպես աղջիկը մարդու է գնում, ընտանիքի վրայից ծանր բեռը բարձվում է։ Սակավ անգամ նա տանում