Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե պետք էր մտածել երեխայի ապագայի մասին: Իր անցյալ վշտալի կյանքը թողել է նրա մեջ փորձերի մի ամբողջ շարք. նա գիտե, թե ինչ դժվարություններով ինքը կարողացավ պսակվել, կին դառնալ: Նույն դժվարությունները սպասում են և նորածին մանկան: Եվ այն օրից սկսում է տնօրինել իր զավակի օժիտը: Եթե նրա առաջին ծնունդը տղա էր, դարձյալ գիտե, որ նրա կրթությունը սակավ հոգսեր, սակավ ծախսեր չէ պահանջում. պետք է դպրոց տալ և մի բան սովորեցնել։ Եվ այսպես, խնայողությունը ընտրում է նա որպես գլխավոր օրենք իր փոքրիկ տնտեսության մեջ։ Նա այնքան խելացի է լինում և այնքան բարոյական ուժ է ունենում, որ բոլորովին «իր ձեռքն է առնում» տղամարդին։ Երբեմն ետ է պահում նրան շռայլ կյանքից կամ խմելուց, թելադրում է «փող ետ գցել»։ Իր հասարակական դրությունը, իհարկե, չէ ներում, որ ինքն էլ մի կողմից օգներ ամուսնին հարստանալու նպատակի մեջ և բազարումը նրան գործակից լիներ։ Պատերազմելու համար ընդունված նախապաշարմունքների դեմ դեռ անզոր է նա։ Բայց տան մեջ ամենայն եռանդով աշխատում է։ Ամբողջ գիշերը նա անց է կացնում ասեղով, բացի մասնավոր կարերից, որ ընդունում է հարուստ տների տիկիններից, նա վեր է առնում կարելու հագուստներ և մոդային մագազիններից — բոլորը պատրաստում է տանը։ Ոչ մի շորի կտոր անպետք չէ կորչում նրա ձեռքում. ամեն մի հնոտիք շուռ է տալիս, ձևը փոխում է, և վերջապես նրանից մի նոր հագուստ է պատրաստում իրա կամ երեխաների համար։ Ափսո՜ս, որ ժրաջան կնիկների տնային աշխատությունների պրոգրաման շատ ընդարձակ չէ, — կարել, հյուսել, նախշել — այսքանով վերջանում է նրանց գործունեությունը։ Այսուամենայնիվ, ես տեսել եմ կնիկներ, որ կարելով մի ամբողջ ընտանիք էին պահում. տեսել եմ աղջիկներ, որ կարելով փող էին աշխատել, իրանց համար օժիտ պատրաստել, որ մարդու գնան։ Ժրաջան կինն այնքան թեթևացնում է իր ամուսնի հոգսերը, որ նա չգիտե, թե ինչպես է առաջ գնում փոքրիկ տնտեսությունը. երեխաները միշտ մաքուր են և առողջ, և ամեն ինչ տան մեջ կարգին է։ Ամենաանակնկալ հյուրեր պատահելիս, միշտ տանտիկինը պահած ունի առատ պաշար նրանց զարմացնելու համար։ Տան մեջ ամեն բան կա, ոչինչ պակաս չէ, և գլխավորն այն է, որ մեծ մասը գնել է ու պատրաստել կինը։ Երբ կինն իր նյութական օժանդակություններով օգնում է ընտանիքին, նրա բարոյական ազդեցությունն ավելի կշիռ է ստանում։ Այն ժամանակ նա մտնում է իր ուղիղ դերի մեջ, դառնում