Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ռուբլիով կերակրելու համար։ Մի սարկավագի ընտանիքում պատահեց ինձ տեսնել մի այսպիսի պառավ, որի որդիների համար ասում էին, թե հարուստ են, երկու տներ ունեն: Պառավների այդ ցավալի վիճակն իմ կարծիքով առաջ է գալիս այն հանգամանքից, որ նրանք, իբրև հին սերունդի մնացորդներ, անտանելի են լինում ընտանիքի մեջ, որ արդեն փոխել էր իր նահապետական կերպարանքը: Նրանց կռիվը «մոդնի» հարսների հետ ծագում է գլխավորապես այդ հանգամանքից: Որդին բռնում է իր կնոջ կողմը և մորը արտաքսում է: Ծնողներն իրանց աղջիկը մարդու տալու ժամանակ միշտ հաշվի մեջ են դնում այն հարմարությունը, որ փեսան մայր չունի: «Մենակ տղա է, ասում են մայր չունի»: Ծնողներն այդ դեպքում ի նկատի ունեն,որ մայր չլինելու պատճառով իրանց աղջիկը կարող էր կատարելապես տիրել փեսայի տան վրա, իսկ հարսն իր կողմից ուրիշ հաշիվ ունի, որ ազատ կլինի, իր վրա հսկող չի լինի: Գավառներում, ընդհանրապես, ուրախ են լինում, երբ պառավ մայրը կար, մտածում են, որ նա խնամք կտաներ անփորձ հարսի վրա. և նրանք միշտ հաշտ են ապրում, որովհետև թե հինը և թե նորը շատ նման են լինում մեկմեկու: Բայց Թիֆլիսում ևս որքան անարգված լիներ պառավ մոր ծերությունը, և որքան հոժարությամբ հանդիպում են նրա մահվանը, այսուամենայնիվ, նրա թաղումը կատարվում է բավական հանդիսավոր կերպով. այն ժամանակ միայն ցույց են տալիս, թե պատվում են նրան: Այդ, իհարկե, առաջ է գալիս այն սովորությունից, որ մարդիկ եկեղեցական խորհուրդները գործ են դնում իրանց փառասիրությունը հագեցնելու համար:

Խոսենք Թիֆլիսի ունևոր ընտանիքի աղջկա մանկության վրա: Երկու տարեկան հասակում ծծմայրը նրան տանում է որևիցե հասարակական այգի ման ածելու: Եթե նա առաջին աղջիկ ծնունդն է, բախտավոր է լինում, սիրվում է, և հենց ծնած օրից վայելում է ճոխություն: Դեռ չորս տարեկան չեղած, մայրը նրան հագցնում է բոլորովին ֆանտաստիկական զգեստներ և տանում է կլուբը, երբ լինում է «ընտանեկան գիշեր» կամ երբ տալիս են մանկական բալ: Ամառը նրան տանում են Կոջոր կամ մի ուրիշ ամառանոց, ուր նրա քնքուշ դեմքը մի փոքր այրվում է արեգակի և արձակ օդի տակ: Աշունքին նա դառնում է տուն, բավական լցված:

Դեռ հինգ կամ վեց տարեկան չեղած, նա հայտնվում է իր մոր հյուրերի հասարակության մեջ, երբ նա տալիս էր «վեչեր», ուր կնիկները հավաքված, կամ լոտո են խաղում, կամ թուղթ: Մայրը