Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զմայլվում է, տեսնելով, որ աղջիկը փոքրիկ ծառայություններ է անում հյուրերին. լոտոյի համար լոբի է բերում, կամ հավաքում է վեր թափված կարտերը։ Ամբողջ ժամերով աղջիկը անքուն նստած, նայում է նրանց խաղին, և լսում է նրանց շատ անգամ անպատշաճ խոսակցությունները և ժպտում է։ Դա էլ մի տեսակ կրթություն է, որ ստացվում է օրինակից։ Մոր հասարակության մեջ երբեմն հայտնվում է մի երիտասարդ, որ բրդում է կոպիտ կատակներ. նա իրան ձևացնում է, թե սիրահարված է փոքրիկ աղջկա վրա և իրան կոչում է նրա ապագա փեսան։

Վերջապես հասնում է ուսման ժամանակը։ Պետք է նկատել, որ Թիֆլիսի հարուստ ընտանիքներում սպասավորները և սպասուհիքը բոլորը օտարազգիներ են. ծառաները վրացի կամ իմերել, ծծմայրը օսեթուհի, իսկ վերջին ժամանակներում սովորության մեջ մտան և ռուս աղախինները։ Երեխաների սկզբնական կրթությունը համարյա հանձնված է նրանց ձեռքը։ Աղջիկը ծծմայրից սովորում է վրացերենը, իսկ ռուս աղախինը ուսուցել է նրան ռուսաց լեզուն։ Մայրենի լեզվից նա մի բառ չգիտե, որովհետև այդ լեզվով ընտանիքի մեջ ոչ ոք չէ խոսում։ Օտար լեզուների մեջ ունեցած պրակտիկան բավական հեշտացնում է նրան սովորել օտարազգի դպրոցներում։ Հայոց ծխական դպրոցներն անպատշաճ են համարվում։ Աղջկան տալիս են կամ պանսիոն բավական թանկ գնով, կամ իգական գիմնազիան։ Սակավ է պատահում, որ տանը հրավիրեին վարժապետ։

Պանսիոնում թեթև կերպով սովորեցնում են աշակերտուհուն օտար լեզվով կարդալ և սխալներով գրել. փոքր-ինչ տեղեկություն են տալիս պատմությունից, աշխարհագրությունից և թվաբանությունից։ Բնական գիտությունների հետ հազիվ թե ծանոթացնում են, իսկ կյանքի գործնական կողմերի հետ նա մնում է բոլորովին անծանոթ։ Այն, որ սովորում է կյանքի համար, սահմանափակվում է մի քանի սալոնական սովորություններով, թե որպես պատշաճ է պահել իրան հասարակության մեջ, որպես գլուխ տալ և այլն։Ավելացնում են դրանց վրա պարը և պիանոյի վրա ածելը, որ միշտ ամաչում է նա օտարների մոտ ածելիս։ Բայց ինչ որ գլխավորն է, դա է պանսիոնի մեջ տիրող ոգին և ուղղությունը, որ ներշնչում է նրա մեջ միայն թեթևամտություններ... Աղջիկը կորցնում է ինքնուրույնությունը և բնական նրա մեջ ոչինչ չէ մնում։ Ամեն ինչ նրա մոտ կեղծ է լինում, թե ձայնը, թե խոսելու ձևը, թե աչքերի հայացքը և թե ժպիտը։ Հիմնավոր նրա մեջ ոչինչ չկա. բոլորը դարդակ